Զաքարեիշվիլի. Վրաստանը ինքնիշխան պետություն է և իր հարցերն ինքնուրույն պետք է լուծի
Վրաստանի մահմեդականների վարչության ստեղծումը ճիշտ որոշում է: Panorama.am-ի հետ զրույցում այսօր հայտարարեց Կոնֆլիկտոլոգիայի և ազգայնամոլության ուսումնասիրության ինստիտուտի (Վրաստան) տնօրեն Պաաթա Զաքարեիշվիլին:
Փորձագետի կարծիքով` Վրաստանն ինքնիշխան պետություն է և իր տարածքում ինքնուրույն պետք է լուծի իր կրոնական հարցերը:
«Դա օրինաչափ որոշում է: Չէ՞որ ուղղափառ ադրբեջանցիները Վրաստանի պատրիարքին չեն ենթարկվում», - մեզ հետ զրույցում զարմանքով նկատեց նա:
Պ.Զաքարեիշվիլին ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այսօր համակովկասյան որևէ միասնական կառույց չկա` չկա Անդրկովկասյան Դաշնություն կամ Խորհրդային Միություն, և այդ որոշման մեջ հակաադրբեջանական միտում փնտրել պետք չէ:
Անրադառնալով ադրբեջանական կողմի արձագանքներին, մասնավորապես Ալլահշուքյուր Փաշազադեի կտրուկ հայտարարություններին` Պ. Զաքարեիշվիլին նշեց, որ դա ընդամենը պահպանողական ռեակցիա է: «Իրենք սովորել են ստեղծված իրավիճակին և իրենց համար այդ որոշումը նորություն էր: Մինչդեռ Ադրբեջանում ամեն ինչ ուզում են թողնել այնպես, ինչպես կա»,- նշեց նա:
Փորձագետը համարում է, որ ադրբեջանցիները իրենց հայտարարություննեում հեռուն չեն գնա և խորհուրդ տվեց «այդ կարգի հարցերի վրա երկար կանգ առնել»: Նրա կարծիքով` կրոնը սոսկ անձի ընտրութան հարց է և կապ չունի քաղաքականության հետ:
Մեկ այլ փորձագետ` Վլադիմիր Իվանովը, մեզ հետ զրույցում համամիտ էր վրացի գործընկերոջ հետ. Վրաստանի իշխանությունների որոշումը օրինաչափ է և համապատասխանում է այսօրվա իրողություններին:
Նրա կարծիքով` այդ որոշման սկզբնաղբյուրն, առաջին հերթին, պետք է որոնել Վրաստանում մահմեդականների կազմակերպական դրության մեջ մասնավորապես, և մահմեդականներին` ընդհանրապես: «Ամենևին էլ պարզ չէ` ո՞ւմ է ներկայացնում 1992 թվականին Անդրկովկասի մահմեդականների հոգևոր վարչության (ՄՀՎ) հիման վրա ստեղծված Կովկասի մահմեդականների հոգևոր վարչությունը: Նրան ենթակա չեն ոչ Հյուսիսային Կովկասի ՄՀՎ-ն, ոչ էլ Հարավային Կովկասում գործող մզկիթների մեծ մասը»,-նշեց Վ.Իվանովը:
«Կովկասի ՄՀՎ-ն, բացառությամբ Ադրբեջանում և Վրաստանում բնակվող որոշակի քանակությամբ մահմեդականների, ոչ ոքի չի վերահսկում: Վերահսկելն այս դեպքում նշանակում է նաև այս կամ այն տարածաշրջանում հոգևոր սպասավորների նշանակումը: Ու՞մ և որտե՞ղ է Կովկասի ՄՀՎ-ն նշանակել` բացառությամբ, մի գուցե, որոշակի անձանց Թբիլիսիում ու Քվեմո Քարթլիում: Ինչ որ չեմ հիշում Բաքվի կողմից նշանակված որևէ մուֆտիի` օրինակ Աբխազիայում կամ Աջարիայի փաստացի ինքնավար մուֆտիատում: Արդյոք դրանք չե՞ն մտնում Հարավային Կովկասի մեջ»,- նկատեց քաղաքագետը:
Վ. Իվանովի խոսքով` Կովկասի ՄՀՎ-ն խորհրդային ժամանակների մնացուկ է` արհեստական մի մարմին, որ ստեղծվել է աշխարհագրական, տարածծքային սկզբունքով. «Բայց տարածաշրջանի քաղաքական աշխարհագրությունը վաղուց արդեն փոխվել է, և այս առումով Վրաստանի իշխանությունների որոշումն ընդամենն այդ իրողությունն է ֆիքսում»:
Անրադառնալով Կովկասի ՄՀՎ առաջնորդի հայտարարություններին` Վ. Իվանովն ասաց. «Շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեյի խանդը հասկանալի է. որոշման արդյունքում նա նաև պաշտոնապես /իսկ փաստացի շատ վաղուց/ ոչինչ չի վերահսկում, կորցնում է իր ազդեցության մնացորդները»:
Նշենք, որ օրերս Վրաստանի իշխանությունները որոշում ընդունեցին Վրաստանի մահմեդականների վարչություն ստեղծելու մասին: Մինչ այդ այդ խնդիրը դրված էր Բաքվում տեղակայված Կովկասի ՄՀՎ-ի վրա: Նորաստեղծ կառույցի ղեկավար է նշանակվել աջար Ջամալ Բագշաձեն: Կառույցի ղեկավար կազմում, առկա տեղեկատվությամբ, էթնիկ ադրբեջանցիներ չեն ընդգրկվել:
Կովկասի ՄՀՎ առաջնորդ շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեն Վրաստանի իշխանությունների որոշումը համարել է քաղաքական և սխալ:
ԱՄՆ ԿՀՎ տվյալներով` Վրաստանի բնակչությունը 2011 դրությամբ կազմում է 4.6 մլն մարդ, որոնցից 9.9 %-ն մահմեդականներ են (վրացիների ու աբխազների մի մասը, ադրբեջանցիներ, կիստեր): Էթնիկ ադրբեջանցիները կազմում են Վրաստանի բնակչության 6.5%-ը: