Բացօթյա առևտրով զբաղվողներին դարձյալ հուսախաբ արեցին. նախագիծը չմտավ օրակարգ
Ինչպես արդեն նշել էինք, ուրբաթ օրը ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտ դարձյալ հավաքվել էին բացօթյա առևտրով զբաղվող անձինք, որոնք արդեն հինգ ամիս է զրկվել են այդ իրավունքից` քաղաքապետ Կարեն Կարապետյանի բացօթյա առևտուրն արգելող որոշման արդյունքում: Ընդառաջելով առևտրականների խնդրանքին, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն ու «Ժառանգության» պատգամավորները, ամենքն առանձին, սակայն բովանդակությամբ գրեթե նույն օրենսդրական նախաձեռնությամբ էին հանդես եկել `փոփոխություններ և լրացումներ կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում, որն էլ քննարկվեց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի վերջին նիստում:
Ըստ այդմ, Վ.Դալլաքյանն առաջարկում էր հիշյալ օրենքում բացօթյա վաճառքի թույլտվություն ունեցող ապրանքատեսակների կողքին ավելացնել նաև « միրգ և բանջարեղեն» բառերը, իսկ ահա «Ժառանգության» առաջարկությունները վերաբերում են մեխանիզմներին. «Դալլաքյանի առաջարկությունը վերաբերում է զուտ ապրանքատեսակներն օրենքում ավելացնելուն, բայց չի տալիս կիրառման մեխանիզմները: Այնպես որ մենք համաձայնության ենք եկել միավորել մեր նախագծերը` մեր կողմից առաջարկվում են նաև մեխանիզմները»,- Panorama.am-ին ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Այսօր մեկնարկած քառօրյա նիստից առաջ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դարձյալ քննարկեց նախագծերը նիստերի օրակարգ ներառելու հարցը, սակայն որոշում կայացվեց այն ներառել ոչ թե այս քառօրյա, այլ մեծ օրակարգ: Արդեն դահլիճում քննարկման ժամանակ, սակայն, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե իրենք դեմ են քվեարկելու մեծ օրակարգ ներառելուն` թողնելով դա հետագային: Բայց հեղինակ Վ.Դալլաքյանը հիշեցրեց, որ եթե հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն է տրվում, ապաև ավելորդ անգամ քվեարկելու կարիք, ըստ ԱԺ անոնակարգի, բոլորովին չկա: Բայց քանի որ կրքերը շարունակում էին բորբոքվել, հատկապես այն բանից հետո, որ Վարդան Այվազյանը տեղեկացրեց, թե, այո, դրական եզրակացություն է տվել իր գլխավորած հանձնաժողովը, սակայն նախագծի տեքստը ինքը չի տեսել, ապաև հեղինակները համաձայնեցին 15 օրով հետաձգել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը մեծ օրակարգ ներառելը:
Հիշեցնենք, որ այս քառօրյա նստաշրջանը վերջինն է գարնանային նստաշրջանի շրջանակում: Թեև լուրեր են պտտվում, որ հունիսին արտահերթ նստաշրջան է գումարվելու, այդուհանդերձ հասկանալի է, որ բացօթյա առևտրով զբաղվողների խնդիրը կքննարկվի մեկ էլ աշնանը` ԱԺ չորրորդ գումարման աշնանային նստաշրջանի ընթացքում: