ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխության հանձնաժողովը կհանդիպի հավակնորդների հետ
Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի կունենա ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակաբաշխության հանձնաժողովի ամենամյա հանդիպումը մրցանակաբաշխության հավակնորդների հետ: Հանդիպմանը ներկա կլինեն մրցանակաբաշխությանը մասնակցող դպրոցների` ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի, ՀՊՃՀ-ի Երևանի հենակետային վարժարանի, «Քվանտ» վարժարանի, «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 10-11-րդ դասարանի աշակերտները:
Մրցանակաբաշխության հիմնական նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում լավագույններին ճանաչելն ու խրախուսելն է:
Պարգևները շնորհվում են բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողներին և աշակերտներին, ովքեր ակտիվորեն մասնակցում են սոցիալական ծրագրերին, տարբեր օլիմպիադաների և մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ ու այլ տաղանդներ:
2011թ. նախատեսված են հետևյալ անվանակարգերը.
Գլխավոր մրցանակ
Լավագույն ասպիրանտ (I և II կարգեր)
Լավագույն մագիստրանտ (I և II կարգեր)
Լավագույն բակալավր (I և II կարգեր)
Լավագույն սփյուռքահայ մասնակից
Լավագույն ուսանողուհի
Լավագույն աշակերտ
Մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է 2005թ., և պարգևներ են շնորհվել ՏՏ ոլորտի 18 լավագույն ուսանողների և աշակերտների:
2010 ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների շնորհման հանձնաժողովը իր ընտրությունը կատարել է 180 թեկնածուներից, որոնցից 37 ուսանող և աշակերտ արժանացել են պարգևների: Անցած 6 տարիների ընթացքում 158 ուսանող և աշակերտ արժանացել են այս պարգևին:
2008թ.-ին հիմնադրվել է ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի Հաղթողների ակումբը: