Գ. Բարսեղյան «ՏՏ-ն ամենահզոր գործոնն է, որ բերում է թե՛ տնտեսական, թե՛ ընդհանուր զարգացման»
Հունիսի 24-25-ը կկայանա DigiTec Business ֆորումը, որին զուգահեռ կանցկացվի նաև «Մայքրոսոֆթ նորարարության ֆորումը»: Համաժողովի ընթացքում կանցկացվեն տեխնոլոգիական սեմինարներ, թեմատիկ կլոր սեղաններ և DigiTec Business ցուցահանդեսը: Նախատեսված է նաև start up ֆորում, որին կմասնակցեն հայկական նորաստեղծ 10 ընկերություններ:
«Մայքրոսոֆթ» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ «Մայքրոսոֆթի» համար այս բիզնես ֆորումը յուրահատուկ հնարավորություն է ներկայացնելու իր ամենաարդիական ծրագրային փաթեթները, հանդիպել առկա և պոտենցիալ գործընկերների և հաճախորդների հետ։
«ՏՏ-ն ամենահզոր գործոնն է, որ բերում է թե՛ տնտեսական, թե՛ ընդհանուր զարգացման: Եթե նայենք աշխարհում երեսուն տարվա ընթացքում ստեղծված հզոր տեխնոլոգիաներին, ապա կտեսնենք դրանց մեծ ներուժը, դրանք փոխել են մարդկանց ապրելակերպը»,- ասաց Գրիգոր Բարսեղյանը:
«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի խոսքով, ֆորումը մասնակիցներին հնարավորություն է տալիս ծանոթանալու այն առավելություններին, որ կարող է տրամադրել ՏՀՏ գործիքների կիրառումն իրենց բիզնեսում։
«Համաժողովը լավ հնարավորություն է մատակարարների և սպառողների համար գտնել միմյանց: Ունիկալ հարթակ է գործարար կապերի ստեղծման համար: Ժամանակն է, որպեսզի հայկական խոշոր ընկերություններն ավելի շատ ուշադրություն դարձնեն տեղի ընկերությունների առաջարկներին, քանի որ դրանք հաճախ ոչնչով չեն զիջում արտասահմանյան ընկերությունների առաջարկներին»,-նշեց Իգոր Կլիմկոն: