Դինքի սպանության գործում Սամասթը մեղադրել է «Hurriyet» և «Vatan» թերթերին
Նախօրեին անչափահասների գործերը քննող Ստամբուլի քրեական դատարանում տեղի է ունեցել պոլսահայ ականավոր գործիչ, «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով 4-րդ դատալսումը:
Հիշեցնենք, որ 2010-ի հոկտեմբերին դատարանը բավարարել էր Դինքի սպանության գործով գլխավոր կասկածյալ Օգյուն Սամասթի փաստաբանի միջնորդությունը մարդասպանի դատավարությունը դեռահասների գործերը քննող դատարան տեղափոխելու վերաբերյալ: Դա նշանակում է, որ Սամասթին բոլոր դեպքերում սպասվում է առավել մեղմ պատիժ: Այլ կերպ ասած` նրա նկատմամբ սահմանվելիք ցանկացած պատժաչափ նվազեցվելու է 5 տարով:
Դատի ժամանակ Սամասթը մեղադրանքներ է հնչեցրել թուրքական լրատվամիջոցների հասեցին` պատճառաբանելով, որ վերջիններիս հրապարակումներն են ատելություն ու թշնամանք սերմանել Դինքի նկատմամբ: Մասնավորապես դատարանին ներկայացրած երեք էջանոց իր նամակում, ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի, Սամասթը նշել է. «Հիմնական հանցագործները «հայրենիքի դավաճան», «անամոթ հայեր» և նմանատիպ վերնագրերով շապիկային նյութեր հրապարակած «Hurriyet» և «Vatan» օրաթերթերի ղեկավարներն են: Ո°րտեղ են նրանք: Ինչո°ւ դատարանի առջև չեն կանգնում: Ինչո°ւ են այդպիսի նյութեր տպագրել: Ո°ւմից են հրահանգ ստացել»:
Դատական հաջորդ նիստը տեղի է ունենալու հունիս 17-ին:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակոս» թերթի խմբագրատան առջև:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան