Կառավարությունը հաստատեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2011թ. ծրագիր»-ը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2011թ. ծրագիր»-ը: Ինչպես նշեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, կառավարությունը կարևորում է ՏՏ արդյունաբերության զարգացումը ոչ միայն որպես առանձին ոլորտ, այլև որպես Հայաստանի տնտեսության ընդհանուր առաջընթացի, արտադրողականության բարձրացման ու համաշխարհային տնտեսության մեջ մրցունակությունն ապահովելու հիմնական գործոն: Ծրագրի իրականացման հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում տեղեկատվական և գիտելիքի վրա հիմնված առաջադեմ հասարակության ու զարգացած և համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ ոլորտի կայացմանը:
Նախատեսվում է ստեղծել միջազգային լավագույն չափանիշերին համապատասխանող տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ենթակառուցվածք, որը կխթանի Հայաստանում ՏՏ ոլորտի ու տեղեկատվական հասարակության զարգացմանը: Կամրապնդվի Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ենթակառուցվածքը:
Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանում կհիմնվի Սիսկոյի տարածաշրջանային ակադեմիա, կկազմակերպվեն ՏՏ դասընթացներ, Սիսկոյի հետ ստորագրված հուշագրով կիրականացվեն այլ միջոցառումներ:
Ծրագիրն իրականացվելու է պետական ու մասնավոր հատվածների սերտ համագործակցությամբ' որպես պետական աջակցություն' ուղղված Հայաստանում ՏՏ ոլորտի շարունակական զարգացմանն ու միջազգային շուկաներում դիրքավորմանը: Հիշեցնենք, որ նախորդ տարի հայաստանյան ՏՏ ոլորտի ընդհանուր հասույթը կազմել է շուրջ 55.1 մլրդ դրամ: Ներկայում Հայաստանում գործում են մոտ 197 ՏՏ ընկերություններ, որոնցից 72-ը` օտարերկրյա:
Ս.Դավթյանը նշեց, որ վերջին տասնամյակում հայաստանյան ՏՏ շուկա են ներգրավվել բազմաթիվ օտարերկրյա ներդրողներ: Ընկերությունների շուրջ 39 տոկոսի արտադրանքն ու ծառայություններն ունեն արտահանման ուղղվածություն` ավելի քան 20 երկրներ: 2010 թ-ին ոլորտի արտահանման ծավալները կազմել են շուրջ 21.5 մլրդ դրամ: Արտահանման ծավալների շուրջ 70 տոկոսը բաժին է ընկնում ԱՄՆ-ին ու Կանադային, 19 տոկոսը` Եվրամիության երկրներին, 8 տոկոսը` Ռուսաստանին և ԱՊՀ երկրներին: Նախորդ տարվա դրությամբ` ՏՏ ոլորտում ներգրավված են մոտ 5 հազար մասնագետներ: