Վերջին դասը` Երևանի քաղաքապետի հետ
Մայրաքաղաքի դպրոցների բարձր դասարանցիներից ձևավորված մեկ «դասարան» վերջին դասն անցկացրել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ:
Քաղաքապետի հյուրերն էին առարկայական օլիմպիադաների քաղաքային փուլի մասնակիցները, միջազգային օլիմպիադա մեկնող աշակերտները, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ: Մայրաքաղաքի հետ կապող օղակ էր նաև վերջին դասի թեման: Խորագիրը ` «Իմ երազների մայրաքաղաքը»:
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Աշակերտները հարց ու պատասխանի միջոցով Երևանի քաղաքապետից ստացան մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներին առնչվող մի շարք հարցերի պատասխաններ:
Ողջունելով աշակերտների կողմից դրսևորվող հետաքրքրությունը մայրաքաղաքի նկատմամբ, Կարեն Կարապետյանը ներկայացրել է քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունն ու իրականացվող ծրագրերը:
Քաղաքապետը նշել է, որ մայրաքաղաքի արդյունավետ կառավարման գործառույթից բացի, քաղաքապետարանը կարևորում է ևս երկու խնդիր` կրթված հասարակության ձևավորումն ու մատչելի բիզնես միջավայրի ստեղծումը: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ այս երկու գործոնների առկայության դեպքում է, որ երկիրը լավ ապագա կարող է ունենալ;
Իսկ աշակերտների այն հարցին, թե ինչպիսին է ուզում տեսնել Երևանը, քաղաքապետը պատասխանել է.
«Ինձ հաճախ են հարցնում, թե որ քաղաքի նման կցանկանայիք լիներ Երևանը: Պատասխանը միանշանակ է` Երևանի նման: Իր ավանդույթով, իր համ ու հոտով, իր շեշտադրումով, լուսավոր, ավելի վառ գույներով: Եվ այն դրականը, որը Երևանում կա` ուղղակի պետք է կրկնապատկենք: Իսկ ինչպիսին պետք է լինի Երևանը: Մենք իհարկե կարող ենք այստեղ ձևակերպումներ տալ, որ պետք է լինի մաքուր, կանաչ քաղաք, հարմարավետ տրանսպորտի քաղաք, նորմալ բուժսպասարկումով, ֆանտաստիկ լավ դպրոցներով: Ես միանշանակ համոզված եմ, որ երկրի ապագան կախված է, թե ինչքանով է այդ երկրի քաղաքացին կիրթ: Եվ երևի կարճ ձևակերպեմ, թե ես ինչպիսի Երևան կուզենայի տեսնել, բացի այդ բոլոր չափորոշիչներից, ես կուզենայի իր էներգետիկայով, ավանդույթներով տեսնել կիրթ և ինտելիգենտ Երևանը»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Աշակերտների կողմից հարցեր են բարձրացվել նաև դպրոցների պայմանների բարելավման վերաբերյալ:
Ի պատասխան, քաղաքապետը նշել է, որ այսօր իրականում շատ ավելի քիչ միջոցներ են հատկացվում դպրոցների խնդիրների լուծմանը, որքան դպրոցն ունի անհրաժեշտություն:
Կարեն Կարապետյանը անդրադարձել է «Օգնիր դպրոցիդ» կայք էջին, որի միջոցով, ինչպես քաղաքապետն է նշել, հնարավոր կլինի կամավոր ներդումների հաշվին լուծել կրթօջախների բարեկեցության որոշ խնդիրներ:
Կարևորելով դպրոցի դերն ու նշանակությունը, քաղաքապետը դպրոցականներին հորդորել է կրթվել անընդհատ և ամեն օր. «Մեր վաղվա օրը լավ կրթություն ստացած քաղաքացին է ու լավ կառավարիչը» ,-ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Աշակերտների համար ամենակարևոր ու ամենահիշարժան օրերից մեկը Երևանի քաղաքապետարանում անցկացնելու նպատակը` մայրաքաղաքի զարգացման գործում պատանի երևանցիների մասնակցությունը ապահովելն էր:
Միջազգային օլիմպիադաներին մասնակցող երևանցի դպրոցականները նշում են, որ այս դասը դեռ երկար կմնա իրենց հիշողություններում և խոստանում, որ ի պատասխան Երևանի քաղաքապետի ջերմ ընդունելության, լավագույն հանդես կգան միջազգային օլիմպիադաներում և իրենց հաղթանակի դափնիները կնվիրեն Երևան քաղաքին:
«Քվանտ» վարժարանի հիմնադրման 20 ամյակի, ինչպես նաև կրթության ոլորտում ներդրած մեծ ավանդի, անբասիր և բեղմնավոր գործունեության համար, Երևանի քաղաքապետի որոշմամբ «Քվանտ» վարժարանի հիմնադիր տնօրեն Ռոբերտ Վարդանյանը պարգևատվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: