Է. Նալբանդյան. Երեսունութ տարի առաջ ես ինքս էի հրաժեշտ տալիս դպրոցին
Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոց, որտեղ ավարտական վերջին դասն անցկացրել է 9-րդ դասարանի աշակերտների համար:
Իր դպրոցի այս տարվա ավարտական դասարանների աշակերտներին մաղթելով կանաչ ճանապարհ, Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես ասել է. «Շուրջ չորս տասնամյակ անց, ես վերադարձել եմ մեր հարազատ դպրոց ամենաջերմ հիշողություններով և զգացմունքներով մեր ուսուցիչների, դասընկերների նկատմամբ: Երեսունութ տարի առաջ ես ինքս էի հրաժեշտ տալիս դպրոցին և հիշում եմ, որ բոլորը խորհուրդներ և խրատներ էին տալիս այն մասին, թե ինչ ու ինչպես է պետք անել, որպեսզի մտնել, այսպես ասած, մեծ կյանք։ Վստահ եմ, որ դուք էլ այսօր խորհուրդների և խրատների պակաս չունեք: Ոչ թե խորհուրդ և խրատ, այլ պարզապես մի քանի մաղթանքներ կուզեի հղել ձեզ»:
Նախարարը մաղթել է, որ աշակերտները բարձր պահեն դպրոցի բարի համբավը և հեղինակությունը: Այլևս ձեզանից է դա կախված: «Մաղթում եմ ձեզ, որ տարիներ անց, երբ վերադառնաք այստեղ՝ դպրոցը հպարտանա, որ նման աշակերտներ է ունեցել»,-ասել է ԱԳ նախարարը, ապա մաղթել, որ կարողանան պահպանել դպրոցական ընկերությունը, հոգատարությամբ վերաբերվեն դրան, որովհետև դպրոցական ընկերությունը հատուկ քաղցրություն ունի։
«Ես պատկանում եմ մի սերնդի, որը ծնվել է մի երկրում և ապրել՝ մեկ այլ: Ծնվել ենք Խորհրդային Միությունում, Խորհրդային Հայաստանում, և հիմա ապրում ենք անկախ Հայաստանում: Իսկ Դուք ծնվել և ապրում եք անկախ Հայաստանում:
Օգտակար եղեք, սիրեք մեր Հայրենիքը: Մեր Հայրենիքը այդ սիրո կարիքն ունի: Սիրեք ձեր ծննդավայրը՝ ինչպես ձեր ծնողներին։ Ուր էլ որ լինեք ձեր կյանքի ընթացքում, աշխարհի, որ ծայրում էլ որ լինեք, Հայրենիքը ձեզ ձգելու է, ես իմ փորձից դա գիտեմ: Միշտ հիշեք հայտնի խոսքերը. մի խորհիր այն մասին, թե ինչ է արել Հայրենիքը քեզ համար, այլ մտածիր, թե դու ինչ ես տվել և ինչ կարող ես անել քո Հայրենիքի համար։
Ձեզնից յուրաքանչյուրը անցնելու է իր ճանապարհը, ունենալու է իր յուրահատուկ և անկրկնելի ուղին: Հավատարիմ մնացեք ձեր սկզբունքներին և իդեալներին, որոնք ձեր մեջ սերմանել են ձեր ծնողները, ձեր ուսուցիչներն ու այս հրաշալի դպրոցը, որին այսօր հրաժեշտ եք տալիս։
Մաղթում եմ, որ ձեր կանաչ ճանապարհ, և որ կարողանաք իրականացնել ձեր այսօրվա երազանքները»,-ասել է նախարարը:
Այնուհետև աշակերտների խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը պատմել է իր դպրոցական տարիների հիշողությունները՝ շնորհակալություն հայտնելով հարազատ կրթօջախի ուսուցիչներին բարձրակարգ կրթություն և գիտելիքներ տալու համար:
Միջոցառումը եզրափակվել է ավարտական դասարանների աշակերտների երաժշտական կատարումներով: