Սովորելը ժամանակակից մարդու ճակատագիրն է. Վարչապետը բաց դաս անցկացրեց
«Դուք պարտավոր եք մինչև ձեր կյանքի վերջ սովորել, սովորելը ժամանակակից մարդու ճակատագիրն է», -այսօր կառավարության նիստերի դահլիճում Երևանի և Արարատի մարզի 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանաների աշախակերտների համար կազմակերպված բաց դասի ժամանակ հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով, լավ մասնագետ դառնալու համար ոչ թե դիպլոմն է անհրաժեշտ, այլ` որակյալ կրթություն ստանալը: «Միայն դիպլոմ ունենալը չի նշանակում, որ դուք լավ մասնագետ եք: Դրա համար լավ կրթություն պետք է ստանալ», -դիմելով դպրոցականներին հավելեց վարչապետ Սարգսյանը:
45 րոպե տևած բաց դասի ընթացքում կառավարության ղեկավարը ներկայացրել է, թե ինչպես են գործադիրի նիստեր գումարվում, ինչպես են սոցիալ-տնտեսական, քաղաքական հարցեր քննարկվում այդ նիստերի ժամանակ ու խոսել կառավարության «գոյաբանական սկզբունքներից»:
Նա նշեց, որ այդ տեսանկյունից կառավարությունը 21-րդ դարին հարիր այնպիսի ծրագիր է կազմել, որում ներառվել են ժամանակակից աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները և էական ազդեցությունները: Մատնանշելով ծրագրի հիմքում ընկած կարևորագույն հիմնասյուները, վարչապետը առանձնացրեց ժամանակակից փոփոխությունենրին հարմարվելու և կարևորագույն մարտահրավերներն ընդունելու ու դրանց դիմակայելու կարողությունը: «Եթե խորհրդային տարիներին մրցակցությունը գնում էր արտադրողականության մեջ, ապա այսօր մրցակցությունը ժամանակակից տեխնոլոգիաների բնագավառում է», -հավելեց Տիգրան Սարգսյանը:
Երկրորդ կարևորագույն բաղադրիչը, ըստ Սարգսյանի, ազգերի շփումն է: «Աշխարհը գնալով դառնում է ավելի փոքր և աշխարհում տեղի ունեցող զարգացումներն անմիջապես ազդեցություն են ունենում մեր երկրի, մեր կյանքի, մեր տնտեսության վրա և պետք է հաշվի առնենք որ դրանք ազդելու են նաև մեր երկրի զարգացումների վրա», -հայտարարեց դպրոցականների համար բաց դաս անցկացնող վարչապետը:
Նա կարևորեց նաև գիտելիքի դերը և նկատեց, որ եթե նախորդ դարը համարվում էր ինդուստրիալ զարգացման դար, ապա 21-րդ դարում իրավիճակը կտրուկ փոխվել է: «Այսօր ժամանակակից աշխարհում զարգացած պետություն լինել ամենևին չի նշանակում ապրանքներ արտադրել, այլ պետք է արտադրել գիտելիք ունենալ գիտելիքի արտադրություն: Այսօր պետությունների միջև ընթանում է գիտելիքի արտադրողականության մրցակցություն», -հավելեց գործադիրի ղեկավարը` նկատելով, որ այս պարագայում կարևոր դեր ունեն հատկապես բուհերը:
Տիգրան Սարգսյանի խոսքով, անհատի ձևավորումը կարևոր խնդիր է և պետք է անպիսի միջավայր ստեղծել, որ մարդին իրեն լավ զգա ու կարողանա այս միջավայրում իրացնել իր տաղանդը, գիտելիքները: «Իսկ եթե պետությունը նման պայմաններ չստեղծի, ապա մրցակիցները այդ մարդուն կգողանան», -հավելեց վարչապետը` նկատելով, որ ներկա ժամանակում զարգացած պետությունները ՏՏ մասնագետների կարիք ունեն, հետևաբար պետք է այնպես անել, որ լավագույն մասնագետների համար լավ պայմաններ ստեղծվեն:
Հաջորդ և վերջին կարևոր հարցը, վարչապետի դիտարկմամբ, որ ընկած է կառավարության ծրագրի հիմքում, ազգային ինքնության հարցն է:
Այնուհետև երկար դասից հետո վարչապետը պատասխանեց աշակերտների հարցերին, որոնք վերաբերում էին ժողովրդավարության հաստատմանը, լեզվի պահպանությանը, քաղաքակրթությանը և այլն: