Milliyet. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը կողմ է թուրքերի 39, դեմ` 44 տոկոսը
Թուրքիայի տնտեսական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամը (TESEF) պատրաստել է «Թուրքիայի արտաքին քաղաքականության ընկալումները» թեմայով մի զեկույց, որը բովանդակում է կարևոր հարցերի վերաբերյալ հանրային կարծիքի ամփոփ պատկերը: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Milliyet» պարբերականը, համապատասխան սոցհարցումներն անցկացվել են երկրի բոլոր 81 նահանգներում 18-ից բարձր տարիք ունեցող բնակչության շրջանում:
Հետազոտության արդյունքների համաձայն` Թուրքիայի եվրաանդամակցության ջանքերը խրախուսում է հարցման ենթարկվածների 69 տոկոսը: Իսկ 14 տոկոսի համոզմամբ` Անկարայի արտաքին քաղաքականության օրախնդիր գլխավոր հարցը Եվրամիությանն անդամակցելու բանակցային գործընթացն է: Թուրքիայի եվրաինտեգրմանը կողմ արտահայտվածները հայտնել են երեք հիմնական պատճառ`
1. Մուտքի անցագրային (վիզային) ռեժիմի մեղմացում
2. Տնտեսական շահավետություն
3. Ժողովրդավարության զարգացում
Իսկ այն հարցին, թե Թուրքիան երբ կանդամակցի ԵՄ-ին, մարդկանց 30 տոկոսը պատասխանել է` երբեք:
Հարցախույզի շրջանակներում անդրադարձ է եղել նաև հայ-թուրքական թեմային: Արդյունքների ամփոփմամբ պարզվել է, որ Հայաստանի հետ սահմանի բացմանը և դիվանագիտական հարաբերությունների ստեղծմանը կողմ է արտահայտվել բնակչության 39 տոկոսը, իսկ դեմ` 44 տոկոսը: Հայաստան-Թուրքիա քաղաքական մերձեցմանը աջակցություն է հայտնել հարցվածների 50 տոկոսը, տնտեսական մերձեցմանը` 49 տոկոսը, իսկ մշակութային մերձեցմանը` 51 տոկոսը:
Հարցին, թե որ պետություններն են Թուրքիային բարեկամ, գրեթե ամեն չորրորդ թուրքը պատասխանել է. «Թուրքիային բարեկամ պետություն չկա»: Այդուհանդերձ բարեկամ համարվող պետությունների քառյակը տոկոսային հարաբերությամբ հետևյալն է`
1. Իրանի Իսլամական Հանրապետություն (13 տոկոս)
2. Ադրբեջան (10 տոկոս)
3. Ամերիկայի Միացյալ Նահանգներ (10 տոկոս)
4. Պակիստան (9 տոկոս):
«Milliyet»-ը ուշագրավ է համարում այն իրողությունը, որ որպես բարեկամ երկրի Իրանն առաջ է անցել եղբայրական համարվող Ադրբեջանից: Նույն աղբյուրի համաձայն` Թուրքիայի ոչ բարեկամ պետությունների քառյակը կազմել է հետևյալ տոկոսային հարաբերությունը:
1. Իսրայել (40 տոկոս)
2. Ամերիկայի Միացյալ Նահանգներ (33 տոկոս)
3. Հունաստան (16 տոկոս)
4. Ֆրանսիա (8 տոկոս):
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան