ԼՂ հակամարտության գոտում ուժի կիրառումը կդատապարտվի միջազգային հանրության կողմից – համանախագահների հայտարարության տեքստը
Ֆրանսիական Դովիլում` «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում այսօր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները: Դմիտրի Մեդվեդևի, Բարաք Օբամայի և Նիկոլա Սարկոզիի համատեղ հայտարարության տեքստի բնօրինակը զետեղվել է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում:
Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստի թարգմանությունը:
Մենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի Դաշնություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Ֆրանսիայի Հանրապետություն, նախագահներս վստահ ենք, որ եկել է ժամանակը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերը խաղաղ կարգավորման ուղղությամբ վճռական քայլ կատարեն:
Մենք վերահաստատում ենք, որ միայն բանակցությունների միջոցով կարգավորումը կարող է բերել խաղաղության, կայունության ու հաշտեցման` հնարավորություններ ստեղծելով տարածաշրջանային զարգացման ու համագործակցության համար: Ուժի կիրառումը հանգեցրել է այսօր առկա հակադրության ու անկայունության իրավիճակին: Դրա կրկնակի կիրառումը կհանգեցնի միայն նոր տառապանքների ու ավերումների և կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Կողմերի առաջնորդներին մենք թախանձագին կոչ ենք անում` բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ պատերազմի:
Կողմերի, ինչպես նաև բոլոր մակարդակներում համանախագահ-երկրների ներդրած ջանքերի արդյունքում նշանակալից առաջընթաց է գրանցվել: Սույն թվականի մարտի 5-ին Սոչիում քննարկված Հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը արդար ու հավասարակշիռ հիմք է ապահովում համապարփակ խաղաղ կարգավորման մշակման համար: Այդ փաստաթուղթը, որ հիմնված է Հելսինկյան Եզրափակիչ ակտի ու 2009 թվականի հուլիսին Աքվիլայում ու 2010 թվականի հունիսին Մուսկոկայում մեր համատեղ հայտարարություններում ներկայացված տարրերի վրա, հնարավորություն է տալիս հաղթահարել իրերի ներկայիս անընդունելի դրությունը:
Ուստի մենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ ենք անում ցուցաբերել քաղաքական կամք և սույն թվականի հունիսին կայանալիք իրենց հանդիպման ընթացքում ավարտին հասցնել Հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը: Հետագա ձգձգումը միայն հարցականի տակ կդնի համաձայնության հասնելու հարցում կողմերի հավատարմությունը: Երբ համաձայնությունը լինի, մենք պատրաստ ենք վկայել այդ սկզբունքների ֆորմալ ընդունումը, աջակցել Խաղաղության համաձայնագրի մշակմանն ու այնուհետ` միջազգային մեր գործընկերների հետ նպաստել դրա կյանքի կոչմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները