«ԱրմենՏել» ընկերությունը պարգևատրեց շարադրության հանրապետական մրցույթի հաղթողներին
«ԱրմենՏել» ընկերությունը պարգևատրեց «Իմ համայնքը» թեմայով շարադրության հանրապետական մրցույթի հաղթողներին: Մրցույթն անցկացվեց Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Մրցույթին մասնակցեցին Հայաստանի միջնակարգ դպրոցների աշակերտներ, որոնց շարադրությունները նվիրված էին իրենց համայնքներին: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից։
ՀՀ կրթության և գիտության, ինչպես նաև տարածքային կառավարման նախարարությունների ներկայացուցիչներից կազմված ժյուրին ընտրեց լավագույն 11 շարադրություն` մեկական յուրաքանչյուր մարզից և Երևանից: Եվս երեք աշակերտի, ում աշխատանքները ճանաչվել են ամենապայծառ, շնորհվել է հանրապետական մրցույթի պատվավոր առաջին տեղը: Նրանք են` Վահագն Գալստյանը (Սյունիք), Սոնա Ալեքսանյանը (Գեղարքունիք) և Անի Ասլանյանը (Երևան):
«ԱրմենՏել» ընկերությունից մրցույթի հաղթողները ստացան նեթբուքեր, իսկ իրենց տարածաշրջանների լավագույն շարադրության հեղինակները` հեռախոսներ և հուշանվերներ:
«Հայրենիքի հանդեպ սերը սկսվում է հենց այն վայրից, որտեղ մարդը ծնվել և ապրում է: Օջախից և ընտանիքից սկսվում է սերը հայրենի քաղաքի և Հայրենիքի հանդեպ: Որպես սոցիալապես պատասխանատու ազգային օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունը գիտակցում է այսօրվա միջոցառման առանձնահատուկ կարևորությունը և ջանքեր գործադրում Հայաստանի երիտասարդների շրջանում մշակութային ավանդույթների պահպանման և զարգացման համար», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Ազգային պատկերասրահում անցկացված պարգևատրման արարողությանը ներկա էին ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և այլ բարձրաստիճան անձինք։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին