Միասնական քննությունները Հայաստանում կմեկնարկեն հունիսի 1-ից ու կտևեն մինչև հունիսի 17-ը. Բայց սա վերջնաժամկետը չէ
Միասնական քննությունները հանրապետությունում կմեկնարկեն հունիսի 1-ից: Այդ օրը կլինի երկու քննություն` ռուսաց լեզու և քիմիա առարկաներից: Այնուհետև, հունիս 4-ին դիմորդները կհանձնեն քննություններ հայոց լեզու և հայ գրականություն առարկայից, հունիսի 7-ին կենսաբանություն և աշխարհագրություն առարկաներից, հունիսի 10-ին` մաթեմատիկա առարկայից, հունիսի 14-ին օտար լեզու (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) և վերջում միասնական քննությունների առաջին փուլը կեզրափակվի հունիսի 17-ին` Հայոց պատմություն և ֆիզիկա առարկաների քննություններով:
Այժմ, ինչպես Panorama.am-ին տեղեկացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը, առաջին փուլով քննություններին մասնակցելու համար հայտագրված դիմորդները պետք է ներկայանան այն դպրոցները, ուր հայտագրվել էին, որպեսզի ստանան անցաթուղթ` քննության ներկայանալու համար:
ԳԹԿ ներկայացուցչի խոսքով, եթե դիմորդները այս կամ այն պատճառներով դիմում-հայտ չեն ներկայացրել մասնակցելու առաջին փուլի քննություններին, ապա ցանկացողները կարող են հայտագրվել հունիսի 24-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում` քննությունների երկրորդ փուլին մասնակցելու համար: Հայտագրումը կկազմակերպվի ԳԹԿ-ում: Ինչ վերաբերում է երկրորդ փուլի քննություններին, ապա դրանք կմեկնարկեն հունիսի 2-ից 10-ն ընկած ժամանակահատվածում: Այնուհետև Գայանե Մանուկյանի խոսքով, դրան կհաջորդեն կենտրոնացված քննությունները, ինչպես նաև նեղ մասնագիտացված քննություննները` Կոնսերվատորիա, Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ, Թատերական ինստիտուտ ընդունվելու համար: Այս գործընթացներից հետո միայն արդեն օգոստոսի 1-ին հայտնի կլինեն բուհ ընդունված ուսանողների անունները:
ԳԹԿ-ում սպասում են, որ այս տարի ընդհանուր առմամբ քննություններին կմասնակցի 1209 դիմորդ: Նշենք, որ այս թիվն անհամեմատ քիչ է, նախորդ տարվա դիմորդների թվի համեմատ, քանի որ այս տարի դպրոցների շրջանավարտներ ընդհանրապես չկան: Նախորդ տարի ընդունելության քննություններին մասնակցել է 17656 դիմորդ:
Ընդունելության գործընթացում այս տարվա նորամուծություններից է այն, որ դիմում-հայտում դիմորդը կարող է նշել 10 ֆակուլտետ, որոնցից երկուստը` անվճար: Հայտերում միաժամանակ հնարավոր է նշել, թե մայրաքաղաքի և թե բուհերի մարզային մասնաճյուղերի ֆակուլտետներ:
ԳԹԿ մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ այս տարի յուրաքանչյուր մարզում լինելու է մեկ քննական կենտրոն: Իսկ Երևանում քննական կենտրոնը տեղակայված է լինելու Երևանի Պետական համալսարանում: «Անկախ նրանից, թե մարզերի քննակենտրոններում դիմորդները երկուսը կլինեն կամ ավելին, միևնույնն է այնտեղ պարտադիր դրվելու են տեսանկարահանող սարքեր, մոնիտոր, պատճենահանող ապարատ: Այժմ քննակենտրոնների տեխնիկական վերազինման գործընթաց է սկսվել և մինչև քննությունները ամեն ինչ պատրաստ կլինի» ,-հավելեց Գայանե Մանուկյանը: