Ա .Աշոտյան «ՎիվաՍել-ՄՏՍ-ը մեզ օգնում է բանաձևել կրթության բովանդակությունը»
Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնը և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր։
Վերջինիս համաձայն, մայրաքաղաքի 10ավագ դպրոցների աշակերտների համար առաջիկայում կիրականացվի «մասնագիտական կողմնորոշման գործընթաց»:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ 91 ավագ դպրոցներից այս անգամ ընտրվել են այն դպրոցները, որոնք դեռ ոչ մի ծրագրի չեն մասնակցել։
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը մեզ օգնում է բանաձևել կրթության բովանդակությունը: Սա է կրթություն-բիզնես հարաբերությունների նոր որակի գրավականը: Ապագա գործատուն այսօրվանից պետք է աջակցի կրթական համակարգին` պատրաստելով այնպիսի մասնագետներ, որոնք պահանջված են շուկայում»,-նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։
Նախագծի շրջանակում ավագ դպրոցի աշակերտները կանցնեն մասնագիտական կողմնորոշման դասընթացներ և աշխատաշուկայի ներկայացում համապատասխան մասնագետների կողմից։
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ ավագ դպրոցի նախագիծն ունի 2 նպատակ։
«Առաջին նպատակն է համապատասխան փորձ ունեցող մասնագետների միջոցով ավագ դպրոցի աշակերտների մասնագիտական կողմնորոշումը և երկրորդ նպատակն է ՝ սոցիալական և աշխատանքային հարցեր կարգավորելը։ Որ աշակերտը, ուսանող դառնալով, իմանա, որ սովորելուց հետո աշխատանք կունենա։Մենք պետք է ստեղծենք հնարավորություն, որ ավագ դպրոցի աշակերտները կարողանան ոլորտում համապատասխան կրթություն ստացած, համապատասխան փորձ ունեցող մասնագետներին լսել և կողմնորոշվել, թե ինչ մասնագիտություն ընտրել»,- ընդգծեց Ռալֆ Յիրիկյանը:
Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը նշեց, որ նախատեսվում է նաև այցելություններ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերություն, որտեղ աշակերտները հնարավորություն կունենան բանավեճեր և զրույցներ ունենալ աշխատակիցների հետ։ Իսկ նախագծի վերջում կանցկացվի տոնավաճառ-ցուցահանդես։
Նախագծի իրականացման նախնական փուլի համար ընտրվել է 10 ավագ դպրոց՝ № 119, №114, №83, №103, №62, № 105, №142, №170, №189, № 65: