Հանրապետությունում 100 գայլ արդեն սպանվել է, և յուրաքանչյուրի դիմաց տրամադրվել է 100 հազար դրամ
«Գայլերի թվաքանակի կարգավորման միջոցառումների իրականացման կարգը հաստատելու և ՀՀ բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» որոշման հաստատմամբ, գայլերի դեմ պայքարի համար հատկացված 10 մլն դրամն արդեն սպառվել է: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում արդեն դադարեցված է գայլերի դեմ պայքարը:
Ինչպես Panorama.am-ին հայտնեց Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանը, նախարարությունը գայլերի դեմ պայքարը շարունակելու նպատակով դիմել է ՀՀ կառավարությանը, որպեսզի պետբյուջերից ևս լրացուցիչ գումար հատկացնեն:
Հայաստանի տարածքում վերջին տարիներին նկատվում է գայլերի թվաքանակի կտրուկ աճ, որն արտահայտվում է հանրապետության տարբեր համայնքներում գայլերի հարձակումներով` ընտանի կենդանիների, ինչպես նաև` մարդկանց վրա: Նշենք, որ 2010-2011թ.-ի ձմռան ամիսներին գրանցվել էր ընտանի կենդանիների վրա գայլերի հարձակման դեպքեր հիմնականում Շիրակի, Լոռու մարզերում:
Ուստի, կառավարությունը որոշում ընդունեց, որի համաձայն` ոչնչացված գայլերի որսի համար սահմանվեց պարգևատրման չափ` յուրաքանչյուր գայլի համար 100 000 դրամ: Ըստ Ա.Պեպանյանի, հանրապետությունում 100 գայլ արդեն սպանվել է, և յուրաքանչյուրի դիմաց տրամադրվել է 100 հազար դրամ: