Ռազմական փորձագետ. Ադրբեջանի կողմից ձեռք բերվող արբանյակը վտանգավոր չէ Հայաստանի համար
«Ադրբեջանի կողմից ձեռք բերվող արբանյակը ռազմական տեսակետից որևէ վտանգ չի կարող ներկայացնել ՀՀ անվտանգության համար»,-անդրադառնալով Ադրբեջանի կողմից հեռահաղորդակցության արբանյակ գնելու մտադրությանը՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այդ արբանյակը որևէ կերպ չի կարող վտանգ ներկայացնել ՀՀ անվտանգության համար այն պարզ պատճառով, որ այն կապի արբանյակ է: Իհարկե չի բացառվում, որ այն որպես հեռահաղորդակցության արբանյակ ինչ-որ առումով օգտագործվի պաշտպանության նախարարության կարիքների համար, սակայն ես չեմ կարծում, որ այն կարող է ինչ-որ լուրջ վտանգ ներկայացնել ՀՀ անվտանգությանը»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
Բանախոսը մանրամասնեց, որ վաճառող կողմը` տվյալ դեպքում Միացյալ նահանգները, պայմանագրում սովորաբար հատուկ կետով նշում է, թե ինչ նպատակներով պետք է օգտագործվի արբանյակը և եթե գնորդը փորձի այն ծառայեցնել այլ խնդիրների լուծման համար, ապա դա հնարավորություն կտա Միացյալ նահանգներին սահմանափակել արբանյակի օգտագործումը:
Փորձագետը հատուկ շեշտեց` «Այն գումարով, որ պատրաստվում է վճարել Ադրբեջանը արբանյակի համար՝ 100 մլն դոլար, ըստ միջազգային շուկայում առկա գների, հնարավոր է ձեռք բերել բարձր որակի կապի, բայց ոչ երբեք հետախուզական արբանյակ, քանի որ վերջիններիս գները անհամեմատ բարձր են»:
Ա. Հովհաննիսյանի համոզմամբ, նախապես այս գործընթացը ձեռնարկելով՝ Ադրբեջանը պլանավորում է իր մասնակցությունը ցուցաբերել նաև արբանյակի արտադրության գործընթացին, սակայն չստանալով ցանկալի արդյունք` Ադրբեջանը, այնուամենայնիվ, որոշել է ձեռք բերել այն՝ քաղաքական դեմքը չկորցներու նկատառումներից ելնելով:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի հեռահաղորդակցության նախարարությունը մտադիր է ձեռք բերել «Azerspace/Africasat-1A» տեսակի հեռահաղորդակցության արբանյակ: Արբանյակի վաճառողը Վիրջինիա նահանգի Դալլես քաղաքի «Orbital Sciences Corporation» ընկերությունն է: Պայմանագրի մոտավոր արժեքը կազմում է 100 մլն. ԱՄՆ դոլար: