Բարձրագույն ղեկավարությունը Սարդարապատում է
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոսի, ԼՂ նախագահի ու գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելեց Սարդարապատի հուշահամալիր: Panorama.am-ի թղթակցի հաղորդմամբ, զանգերի ղողանջների ներքո ՀՀ նախագահն ու Կաթողիկոսը ծաղկեպսակներ են դրել հուշահամալիրի մոտ: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել է ՀՀ պետական օրհներգը:
Այնուհետ պետական այրերը ներկա են եղել տոնական համերգի, որի ընթացքում հնչել են զուտ հայրենասիրական երգեր:
Նրանք եղան նաև Սարդարապատի հերոսամարտի ազգային թանգարանում:
Սարդարապատում են նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, այդ թվում` Հայաստանում առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, նաև բարձրաստիճան զինվորականներ:
Նշենք, որ Արամավիրի մարզում գտնվող Սարդարապատի հուշահամալիրը ալեգորիկ արտահայտչամիջոցներով ներկայացնում է 1918թ. տեղի ունեցած հայ-թուրքական ճակատամարտը և փառաբանում է հայ ժողովրդի փայլուն հաղթանակը: Համալիրի մուտքի առջև տեղադրված են հսկայածավալ թևավոր ցլերը, իսկ հինգ արծիվներով եզերված ճեմուղին տանում է դեպի հուշահամալիրի բաղկացուցիչ մաս կազմող ազգագրական թանգարան, որտեղ ներկայացված են հայոց պատմությունը, մշակույթը, արհեստներն ու կենցաղը սկսած նախնադարյան հասարակարգից մինչև մեր օրերը:
Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 21-29, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև: Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «20-րդ դարի Ավարայր»: Սարդարապատի ճակատամարտը հայ ուսումնասիրողների կողմից գնահատվում է որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից մեկը: Տարած հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից, և հնարավորություն ստեղծվեց պետականության վերականգնման համար:
1968 թվականին ճակատամարտի վայրում կառուցվեց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին