«Կենգուրու»-ի հաղթողները կպարգևատրվեն այսօր
Այսօր և վաղը մայրաքաղաք Երևանում անցկացվելու են «Կենգուրու 2011» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի մրցանակակիր երեխաների մրցանակաբաշխությունները: «Այբ» կրթական հիմնադրամից հայտնում են, որ մրցանակաբաշխություններին ներկա կլինեն պաշտոնատար անձինք ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունից:
Մայիսի 23-ից 31-ը «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպիչները եղել են Հայաստանի քաղաքներում, անձամբ հանձնել են երեխաների հավաստագրերը, պատվոգրերն ու մրցանակները: Ընդհանուր թվով մոտ 1140 աշակերտի շնորհվել են մրցանակներ, պատվոգրեր: Հիշեցնենք, այս տարի «Կենգուրու»-ին մասնակցել են 36 672 աշակերտներ Հայաստանի բոլոր մարզերի 912 և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի բոլոր 13 դպրոցներից: Այս տարվա մրցույթի մասնակից դպրոցների թիվը կրկին ավելացել է, Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցների ավելի քան 75%-ը մասնակցեց «Կենգուրու» կոչվող մանկական շարժմանը:
«Կենգուրու 2011»-ի հաղթող է ճանաչվել Գեղարքունիքի մարզի գ. Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտուհի Արաքսի Գասպարյանը: Նա ստացել է արժեքավոր մրցանակ, քանի որ կարգի համաձայն, Եվրոպական ճամբար կարող են գնալ միայն 12 տարին լրացած հաղթողները: Լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտների թիվը գրեթե կրկնակի ավելացել է` կազմելով 308:
Բոլոր 36672 աշակերտները, անկախ վաստակած միավորներից, ստացել են մասնակցության հավաստագրեր: Մասնակցության հավաստագրեր ստացել են նաև բոլոր մասնակից 925 դպրոցները: Այս տարի «Այբ»-ը կրկին սահմանեց լրացուցիչ խրախուսական մրցանակներ այն դպրոցների համար, որոնցում չկային «լավագույն»-ի շեմը հաղթահարած երեխաներ: Այսպիսով, ամեն մի դպրոց ունի առնվազն մեկ մրցանակակիր: Նրանց անունները արդեն հրապարակված են մրցույթի կայքէջում` www.kangaroo.am հասցեով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին