Բժշկական սարքավորումներ` երեխաների բուժման համար
Երեխաների միջազգային օրվա նախօրեին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը բժշկական սարքավորումներ է նվիրաբերելու Երևանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցին, որ մասնագիտացված է հեմատոլոգիական խնդիրներով երեխաների բուժման մեջ:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի ծառայության տեղեկացմամբ, բժշկական սարքավորումներն են` պերֆյուզորը իր համակարգերով, արյան պլազմայի համար նախատեսված ջրային բաղնիք, օքսիմետր, որ օգտագործվում է հիվանդի արյան թթվածնի հագեցվածությունը չափելու համար, հեմագլոբինոմետր` հատուկ գործիք, որով հնարավոր է չափել հեմագլոբինի խտացումը արյան մեջ: Նվիրատվությունը, որ ներառում է նաև խաղ-խաղալիքներ և գրասենյակային պիտույքներ երեխաների համար, հնարավոր է դարձել ԵԱՀԿ ամենամյա բարեգործական պարահանդեսի հասույթից ստացված միջոցներով:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, Դերենիկ Դումանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար, Արմեն Աշոտյանը և հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կամսար Բաբինյանը կմասնակցեն միջոցառմանը: Հանձման արարողությունը տեղի կունենա վաղը: