Ջեկ Ուորներ. «Իմ և Բին Համմամի դեմ կազմակերպված գործողությունները քաղաքական մոտիվացիա ունեն»
Ֆուտբոլային գործունեությունից ժամանակավորապես զրկված Ջեկ Ուորները` ՖԻՖԱ-ի փոխնախագահն ու ԿՕՆԿԱԿԱՖ-ի նախագահը, հայտարարել է, որ միջազգային ֆուտբոլային կազմակերպության գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն իրեն հաղորդել է, թե Կատարը գնել է աշխարհի 2022 թ. ֆուտբոլի առաջնության անցկացման իրավունքը, իսկ ինքն ու Բին Համմամը մտադիր են պաշտպանել իրենց պատիվը:
ՖԻՖԱ-ում սկանդալը, այսպիսով, թափ է հավաքում: Նախընտրական քարոզարշավից Բին Համմամի` ինքնակամ հեռանալուց և ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեի որոշումից հետո, որով Բին Համմամն ու Ջեկ Ուորները ժամանակավորապես զրկվել են ֆուտբոլային գործունեություն իրականացնելու հնարավորությունից, սկանդալի կարևորագույն դեմքերը մի շարք սենսացիոն հայտարարություններ են կատարել: Իսկ Ուորները նույնիսկ նշել է, թե ՖԻՖԱ-ի ղեկավարությունը վստահ է, որ Կատարը գնել է «ԱԱ-2022»-ի կազմակերպման իրավունքը:
«Ես ներկա եմ եղել ՖԻՖԱ-ի լսումներին,- Ուորների հայտարարությունը մեջբերել է AP-ն:- Այն մասին, որ լիազորություններս կասեցված են, տեղեկացել եմ երեկոյան, զանգվածային լրատվամիջոցներից: Դա անսպասելի էր ինձ համար: Լսումներից հետո հատուկ թողեցի իմ տվյալները և խնդրեցի, որ ինձ տեղեկացնեն ցանկացած որոշման մասին, սակայն մինչ օրս ինձ ոչինչ չեն ասել: Հիասթափված եմ հետաքննության ընթացքից: Ինձ լսումների հրավիրել են 24 ժամ առաջ: Բացի այդ, էթիկայի կոմիտեի անդամներից մեկը ներկա չէր նիստին: Լսումներից առաջ ՖԻՖԱ-ն ինձ չի տրամադրել նույնիսկ մեղադրանքի պատճենը, և միայն նիստի ընթացքում է այն հրապարակվել: Ես հերքել եմ մեղադրանքը, որ Բին Համմամը Կարիբյան ֆեդերացիայի 30 երկրի ֆեդերացիաներին 40 հազարական դոլար է տրամադրել: Բին Համմամը Կարիբյան երկրներին երբեք գումար չի տվել:
Մայիսի 18-ին, երբ հասկացա, որ Բլատտերի ու Բին Համմամի միջև քաղաքական պայքարը դուրս է գալիս սահմաններից, նամակ գրեցի ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեին: Ի թիվս այլոց, նրան տեղեկացրեցի, որ ընտրությունների արդյունքները կարող են կործանարար հետևանքներ ունենալ արաբական աշխարհում: Խնդրել էի, որ Բին Համմամը հանի իր թեկնածությունը: Ժերոմը պատասխանեց. «Ես երբեք էլ չեմ հասկացել, թե ինչու է Բին Համմամը ընտրություններին մասնակցելու որոշում կայացրել: Հնարավոր է` մտածել է, որ պատահաբար կարող է հաղթել կամ էլ պարզապես ցուցադրել է, որ բարեհաճ չէ Բլատտերի նկատմամբ: Կամ էլ մտածել է, որ կարող է գնել ՖԻՖԱ-ին, ինչպես գնեցին «ԱԱ-2022»-ի կազմակերպման իրավունքը»: Հետո նա ասաց, որ Բին Համմամը կհանի իր թեկնածությունը:
Իմ և Բին Համմամի դեմ կազմակերպված գործողությունները քաղաքական մոտիվացիա ունեն: Դրանք իրականացվում են ՖԻՖԱ-ի համար ծայրահեղ իրավիճակում` ինձ ու Բին Համմամին վնաս հասցնելու նպատակով: Մոտ ժամանակներս մտադիր եմ ավելին ասել այս հարցի վերաբերյալ: Վճռական եմ տրամադրված` պաշտպանելու իմ, ինչպես նաև Կարիբյան ավազանի մյուս անդամների պատիվն ու հեղինակությունը»:
Բին Համմամը նույնպես իր կարծիքն է հայտնել:
«Լուրջ ապացույցներ ունեի, որ մեղավոր չեմ,- Բին Համմամի խոսքերը ներկայացրել է «Sky Sports»-ը:- Սակայն էթիկայի կոմիտեն դրանք բավարար չհամարեց: Ինձ պետք է արդար ճանաչեին, սակայն արգելեցին զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ: Կարծում էի, որ այդ կոմիտեն բացարձակ անկախ կառույց է: Սակայն մամուլի ասուլիսում գլխավոր քարտուղարը պարզ հասկացրեց, որ ինքն ազդեցություն ունի այդ կոմիտեի վրա: Ես պայքարելու եմ իմ իրավունքների համար»:
ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն հայտարարել է, որ Տրինիդադ և Տոբագոյի ներկայացուցիչ Ջեկ Ուորները, ինչպես նաև պարագվայցի Նիկոլյա Լեոզը, բրազիլացի Ռիկարդո Տեյշեյրան և թաիլանդցի Վորավի Մակուդին չեն ցանկացել կաշառք վերցնել` աշխարհի 2018 թ. առաջնության կազմակերպման ընտրություններում Անգլիայի օգտին քվեարկելու համար: Կաշառակերության մեջ նրանց, ի դեպ, մեղադրել էր Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախկին ղեկավար Դևիդ Տրիսմանը:
«Չորսն էլ մաքուր են,- շեշտել է Վալկեն:- Ես ստացել եմ ԱՖ-ի զեկույցը և հույս ունեմ, որ ՖԻՖԱ-ն կցանկանա հրապարակել այն, որովհետև բոլոր մեղադրյալներն արդարացված են: Ես ուրախ եմ, որ ՖԱ-ն լսել է ոչ միայն Տրիսմանին, այլ նաև Անգլիայի հայտային կոմիտեի մյուս ներկայացուցիչներին»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան