Orange-ի հայտարարած Նորարարության մրցույթում հաղթող է ճանաչվել ԵՊՀ ուսանող Դավիթ Վարդանյանը
Orange-ի հայտարարած Նորարարության մրցույթում հաղթող է ճանաչվել Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Վարդանյանը, ով նախագիծ էր ներկայացրել էլեկտրոնային քվեարկության վերաբերյալ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Հիշեցնենք, որ մրցույթն անցկացվել է Երևանի պետական համալսարանի և Պետական ճարտարագիտական համալսարանի (պոլիտեխնիկ) ուսանողների համար: Մարտի 4-ից ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում տասնյակ ուսանողներ ներկայացրել են իրենց նորարական գաղափարները, սակայն եզրափակիչ փուլ են անցել նրանցից չորսը:
«Վերջում ունեցանք քիչ նախագծեր, սակայն սա այն դեպքն էր, երբ որակը ծածկում էր քանակը»,- հավելեց Բրունո Դյութուան:
Նրա խոսքերով, լավագույն ճանաչված նախագծի հեղինակը որպես մրցանակ հնարավորություն է ստացել մեկնել Ֆրանսիա` 6-ամսյա վճարվող պրակտիկայի Orange-ի գիտահետազոտական լաբորատորիաներից մեկում և աշխատելու նորարարական նախագծերի վրա: «Ժյուրին շատ բարձր գնահատեց Դավիթի ինչպես տեխնիկական գիտելիքները, այնպես էլ մարքեթինգային մոտեցումը աշխատանքին, քանի որ փորձել էր գտնել` ինչպես և որտեղ կիրառել իր նախագիծը: Նաև բարձր գնահատվեց Դավիթի հետաքրքրասիրությունը և ինքնակրթությամբ զբաղվելու ձիրքը: Նա փորձում է ավելին սովորել, քան տալիս է համալասարանական կրթությունը»,- ասաց Բրունո Դյութուան` հավելելով, որ այս հնարավորությունը նրա կյանքում բեկումնային է լինելու:
Բ.Դյութուան նշեց նաև, որ բարձր գնահատելով մրցույթին մասնակցած մեկ այլ ուսանողի` Գևորգ Պողոսյանի աշխատանքը, որն ըստ ժյուրիի քվերարկության գրավել է երկրորդ տեսը, Orange –Արմենիան վճռել է հատուկ մրցանակ տալ նրան` հրավիրելով աշխատանքային պրակտիկա անցնել Orange- Արմենիայում: Գևորգը նույնպես ԵՊՀ ուսանող է, սովորում է Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայում և ներկայացրել էր նախագիծ կարճ հաղորդագրությունների կիրառման նոր մոտեցման վերաբերյալ:
Բ. Դյութուան տեղեկացրեց, որ նորարարության մրցույթը կիրականացվի առնվազն 3 տարի և, կախված արդյունքներից, կարող է շարունակական լինել: