Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարարը դատական հայց է պատրաստում Սարկոզիի դեմ մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով
Ֆրանսիացի երկու հայտնի փաստաբաններ, որոնցից մեկը երկրի նախկին ԱԳ նախարար Ռոլան Դյուման է, Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում հայտարարել են, թե դատական հայց են ներկայացնելու Ֆրանսիայի նախագահ Նիկոլայ Սարկոզիի դեմ մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով:
Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն, փաստաբաններն հայցը ներկայացնելու են ֆրանսիական դատական մարմիններին ՆԱՏՕ-ի գործողություններից տուժած 30 լիբիացի ընտանիքների անունից, ովքեր նախօրեին երաշխավորագիր են ստորագրել ու հանձնել ֆրանսիացիներին:
Ռոման Դյուման, Տրիպոլի կատարած իր այցի շրջանակներում հանդիպելով ավիահարձակումներից զոհված խաղաղ բնակիչների ընտանիքների հետ, հայտարարել է, թե «ցնցված է այն փաստով, որ ՆԱՏՕ-ի գործողությունները, որոնք ի սկզբանե միտված էին խաղաղ բնակչության պաշտպանմանը, իրականում նրանց մահվան պատճառն են հանդիսանում»:
Նախաձեռնության մյուս հեղինակ, փաստաբան Ժակ Վերժեն նշել է, թե ցավալի է, որ «ֆրանսիական պետությունը ղեկավարում են սրիկաներն ու մարդասպանները»:
Փաստաբանները մտադիր են դատական հայցի ներկայացման իրավաբանական գործընթացը սկսել Փարիզ վերադառնալուն պես: