Արդյո՞ք թեստերն ապահով են բանկերում
Ավարտական քննությունների թեստերը պարունակող արկղերը, ինչպես հայտնի է, հատուկ փաթեթավորմամբ գտնվում են տարբեր մարզերի բանկերում:
ԱԺ Գիտության, կրթության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ փորձել է անձամբ համոզվել, որ թեստերը պարունակող արկղերն այն փաթեթավորմամբ են, ինչպես ինքը տեսել է և այդ նպատակով այցելել է Գյումրու բանկերից մեկը, որտեղ պահվում են Գյումրու, Մարալիկի, Ախուրյանի, Ամասիայի և Աշոցքի դպրոցներ տեղափոխվելիք թեստերը. «Սակայն բանկի կառավարիչը նախ` հավաստիացրեց, որ թեստերը պարունակող արկղերը անձեռնմխելի վիճակում բանկի բունկերում են, դրանք ինձ ցույց տալ չի կարող և, որ բունկեր մտնելն արգելված է»,- մեզ հետ զրույցում նշեց պատգամավորը:
Ա.Բախշյանի խոսքերով, այդ արկղերը քննությունների օրն առավոտյան ժամը 9-ին մարզային կրթության վարչության աշխատակիցներին կհանձնվեն բանկի աշխատակիցների կողմից, իսկ դրանից հետո արդեն ըստ ընթացակարգի` դպրոցի տնօրենները կստանան ոչ շուտ, քան 10.45. «Ես ևս մեկ անգամ ուզում եմ հորդորել դպրոցի տնօրեններին, որպեսզի պահպանեն այդ ընթացակարգը, թե քննության եկած երեխաներին, որպեսզի նրանք հետևեն` միայն իրենց ներկայությամբ պետք է բացվեն ծրարները»,-ավելացրեց «Ժառանգության» ներկայացուցիչը:
Նշենք, որ հունիսի 3-ին ՀՀ բոլոր դպրոցներում կմեկնարկեն ավարտական քննությունները` բնագիտություն առարկայից:
Նախորդող նորությունը` http://www.panorama.am/am/politics/2011/05/30/education/