Ա. Աշոտյան. «28 գործող տնօրեններ չեն անցել դպրոցի տնօրենի ատեստավորման քննությունները»
Հայաստանում դպրոցների տնօրենների պաշտոնի համար հավակնում է 1066 մարդ, ովքեր անցել են համապատասխան վերապատրաստում և ցանկություն են հայտնել մասնակցել դպրոցի տնօրենի ատեստավորման փուլին: Այսօր դպրոցի տնօրենների ատեստավորման քննությունների կապակցությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ քննությունները բաղկացած են երկու փուլից, առաջինը` գրավոր փուլն է, երկրորդը` բանավոր: Գրավոր փուլը բաղկացած է 60 հարցից, որոնք ընդգրկում են իրավական, մանկավարժական և կառավարչական ոլորտները: Նախարարը հավելեց, որ նախատեսվում է թեստերում ներառել հարցեր նաև տեղեկատվական հաղորդակցության ոլորտից:
Գրավոր թեստի 60 հարցից 54-ին ճիշտ պատասխանելու դեպքում հավակնորդը անցնում է բանավոր փուլ: Բանավոր փուլը ընդունում է 7 հոգուց բաղկացած հանձնաժողովը, որը յուրաքանչյուր հարցին պատասխան ստանալուց հետո քվեարկությամբ որոշում է, արդյոք պատասխանը բավարարում է մինիմալ պահանջները թե ոչ:
Ի դեպ, բոլոր բանավոր քննությունները ձայնագրվում են:
Ա.Աշոտյանը ասաց, որ այսօր դպրոցների տնօրենների ատեստավորման քննությունների 5-րդ շրջանն է և հավելեց, որ մինչ այդ տեղի ունեցած 4 շրջանների քննություններին մասնակցել է 371 մարդ, որոնցից 49-ը չեն անցել ատեստավորումը, և այդ 49-ից` 28-ը եղել են գործող տնօրեններ:
Նախարարը նկատեց, որ սկզբում տնօրենների շրջանում կար մի թյուր կարծիք, որ այս ատեստավորումը ուղղված էր իրենց դեմ, սակայն հիմա իրավիճակը այլ է, պարզաբանեց նախարարը` նշելով, որ այժմ շատ են այն տնօրենները, ովքեր շնորհակալություն են հայտնում ԿԳՆ-ին այդ որոշման համար: