FIDH-ը ողջունում է համաներումը
«Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) Հայաստանում իր անդամ կազմակերպության՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հետ համատեղ ողջունում են Հայաստանի քաղբանտարկյալների ազատ արձակումը»,-նման հայտարարություն է այսօր տարածել հիշյալ ֆեդերացիան, ընդգծելով, որ համաներմանը նախորդել էր նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, որով նա ընդգծել էր 2008թ. մարտի իրադարձությունների լիարժեք քննության անհրաժեշտությունը։
«Միջազգային հանրությունը բազմաթիվ առիթներով կոչ է արել ՀՀ կառավարությանը դադարեցնել քաղաքական դրդապատճառներով հետապնդումները, քննության առնել 10 մարդկանց մահվան հանգեցրած իրադարձությունները և ազատ արձակել ձերբակալված ընդդիմադիր գործիչներին։ Մեկ տարի առաջ Երևանում կայացած Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) 37-րդ համագումարի կապակցությամբ ֆեդերացիայի անդամ բոլոր կազմակերպությունները վերահաստատեցին ֆեդերացիայի նախագահ Սուհեր Բելասենի այն հայտարարությունը, որով կոչ էր արվում իրականացնել արդյունավետ և վստահելի քննություն 10 մարդկանց մահվան դեպքերի շուրջ: «Քաղբանտարկյալներին ազատ արձակելը և նման քննություն իրականացնելը կնշանավորեն այն, որ Հայաստանը գնում է դեպի օրենքի գերակայություն»,–նշել էր տիկին Բելասենը 2010թ-ի ապրիլին: Նույն պահանջը ներկայացվեց նախագահ Սարգսյանին 2010թ. ապրիլի 6-ին Ֆեդերացիայի բարձրաստիճան պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
2008թ. մարտի դեպքերի առիթով քննություն իրականացնելու նախագահի կոչը կիրականացվի և այս ուղղությամբ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն: Մեր կազմակերպությունները նաև կոչ են անում մարտի 1-ի իրադարձությունների 10 զոհերի ընտանիքներին համարժեք փոխհատուցում տրամադրել, որին նրանք սպասում են դեռևս 2008թ.-ից»,-ասված է հայտարարության մեջ: