Ադրբեջանցի գեներալը՝ մաֆիայի զոհ
Ադրբեջանի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, Հակաօդային պաշտպանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռաիլ Ռզաևը 2 տարի 3 ամիս առաջ սպանվել է աշխատանքի մեկնելու ճանապարհին: Մարդասպանը մոտեցել է գեներալին տեղափոխող ավտոմեքենային, հանգիստ կրակել նրա գլխին և հեռացել: Ենթադրվում էր, որ սպանության դեպքն Ադրբեջանում կարճ ժամանակում կբացահայտվի, սակայն, ժամանակը ցույց տվեց, որ հնարավոր է այն երբեք էլ չբացահայտվի: «Ենի Մուսավաթ»-ի տեղեկություններով, Ռաիլ Ռզաևը դարձել է անօրինական ավիաբեռնափոխադրումների զոհը: Աշխարհի ամենախոշոր անլեգալ բիզնեսը վերահսկող մաֆիոզները հրամանատարին չեն ներել խաղի կանոնների խախտումը:
«Օդային զինուժի բեռնատար ինքնաթիռները գտնվում էին Ռաիլ Ռզաևի անմիջական հրամանատարության տակ: Այդ ինքնաթիռների միջոցով երբեմն անդրազգային խմբավորումների շահերի շրջանակում անօրինական փոխադրումներ են իրագործվել: Այդ փոխադրումներից ձեռք բերված միլիոնավոր դոլարներն անցել են անմիջապես գեներալի ձեռքի տակով: Դա տարիներ շարունակվող գործընթաց է եղել: Մահվանից բավականին առաջ հրամանատարին հասած փողի մի մասն անհետացել է: Անօրինական փոխադրումներում գեներալի բիզնես գործընկերների կողմից կատարված ստուգումների ժամանակ պարզվել է, որ փողերի «անհետացումը» համապատասխանել է հրամանատարի շահերին:
Այդ մասին հայտնի է դարձել անդրազգային խմբավորումներին վերահսկող մաֆիայի ղեկավարներին: Դրանից հետո Ռաիլ Ռզաևին ժամանակ է տրվել անհետացած միլիոնները վերադարձնելու համար: Սակայն հրամանատարը ժխտել է միլիոնների անհետանալու մեջ իր մասնակցությունը: Մաֆիայի ղեկավարները սպառնացել են նրան: Գեներալը պաշտոնական զեկույց է ներկայացրել Ադրբեջանի պաշտպանության նախարարին այն մասին, որ իր կյանքին վտանգ է սպառնում:
Այդ փաստը գեներալի մահվանից հետո մամուլի ասուլիսում հաստատել է նաև ՊՆ գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադիգովը: Ռզաևի համառությունը կոտրելու համար մահվանից մեկ շաբաթ առաջ նրա ծառայողական մեքենան տեխսպասարկման կայանում գնդակոծության է ենթարկվել: Սակայն դա ևս նրան հետ չի պահել իր համառությունից: Դրանից հետո խաղի կանոնները խախտելու համար գեներալին վերացնելու հանձնարարություն է տրվել»,- հայտնել է թերթի տեղեկացված աղբյուրը:
Ռ.Ռզաևը սպանվել է 2009 թ-ի փետրվարի 11-ին Բաքվի Յասամալյան շրջանի Գութգաշենլի փողոցում: Դեպքը տեղի է ունեցել Միջազգային բանկի գրասենյակի հետնամասում` բանկի տեսախցիկների ընգրկման տարածքում:
Նշենք, որ մինչ օրս գեներալի սպանության հետ անմիջապես կապ ունեցող ոչ ոք չի ձերբակալվել: Գեներալի սպանությունից հետո անհեթեթ մեղադրանքներով ձերբակալվել են նրա օգնականը և գեներալի հետ այս կամ այն կերպ ծանոթ մի քանի անձինք: Հատկանշական է, որ այդ մարդկանց դեմ հորինված մեղադրանքները հաստատել են նաև դատարանները: