Շիշկին. «Անհրաժեշտ արդյունքի հասնելու համար պետք է ծայրահեղ կենտրոնացած լինենք»
Նորվեգիայում Հայկական Մշակութային Միության նախաձեռնությամբ Օսլոյի և հարակից շրջանների հայերը հավաքվել են Ասկեր քաղաքի եկեղեցում` մասնակցելու Հանրապետության օրվան նվիրված տոնախմբությանը և պատարագին:
Միջոցառումը բացվել է oրվա խորհրդին նվիրված խոսքերով, որից հետո սուրբ և անմահ պատարագ է մատուցել Արժ. Տեր Սարգիս քահանա Մելքոնեանը: Պատարագի վերջում Տեր Սարգիսը նաև կատարել է առաջին հանրապետության և Հայաստանի ազատության համար մղված մարտերում զոհվածների հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողություն` ավարտելով այն քարոզով: Այնուհետև Հայկական Մշակութային Միության խորհուրդը և կիրակնօրյա Դպրոցի ուսուցչուհի, վաստակավոր մանկավարժ տիկին Աշխեն Մովսիսյանը հանդիսավոր կերպով հավաստագրեր է հանձնել հայկական կիրակնօրյա դասընթացներն ավարտած
երեխաներին, որին հաջորդել է ընթրիքը:
Օրվա միջոցառումների ավարտին Տեր Սարգսի կողմից հրավիրվել է Նորվեգիայում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնադրման և կազմակերպման նախապատրաստական խորհրդակցական ժողով։ Քննարկվել է եկեղեցու գրանցման, հիմադրման և ծխական համայնքի ստեղծման ու անդամության հարցեր, ընտրվել են կամավորներ` եկեղեցու հետագա ծրագրերի իրականացման համար:
Հայր Սարգիսը Նորվեգիայում է գտնվում պաշտոնական այցով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Հայկազուն Ծայրագույն վարդապետ Նաճարեանի հրահանգով` Նորվեգիայում, Դանիայում և Ֆինլադիայում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտոնական գրանցման, ինչպես նաև ծխական համայնքեր ստեղծելու առաքելության շրջանակներում:
Այցի ընթացքում Հայր Սարգիսը հանդիպումներ է ունենալու նաև Նորվեգիայի իշխանությունների և քրիստոնեական խորհրդի ներկայացուցիչների հետ հիմնադրման հարցեր քննարկելու, ինչպես նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Նորվեգիայի քրիստոնյա համայնքների միջև էկումենիկ հարաբերությունների ստեղծման նպատակով: