Սիրիայի բարձրագույն կրթության նախարարը հնարավոր է այցելի Հայաստան
Այսօր Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում է ունեցել ՍԱՀ բարձրագույն կրթության նորանշանակ նախարար դոկտոր Աբդ ալ-Ռազակ Շեյխ Իսայի հետ: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության ծառայության տեղեկացմամբ, շնորհավորելով նորանշանակ նախարարին՝ դեսպանն անդրադարձել է հայ-սիրիական համագործակցությանը կրթության և գիտության ասպարեզում` նշելով, որ անցած տարիներին ՀՀ-ՍԱՀ կրթության բնագավառում համագործակցության մասին ստորագրված գործնական ծրագրի շրջանակներում երկու երկրների միջև տեղի է ունեցել ակտիվ համագործակցություն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև դիպլոմների փոխճանաչման մասին համաձայնագրի ստորագրման, կրթության և գիտության ոլորտում հետագա համագործակցությունը խթանելու, ինչպես նաև Դամասկոսի համալսարանի մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորող հայ ուսանողների ուսման հետ կապված խնդիրները:
Այնուհետև քննարկվել է նախարարի այցի հնարավորությունը Երևան ՀՀ ուսումնական համակարգի հետ ծանոթանալու, ինչպես նաև 2011-2014 թթ. նոր գործնական ծրագիրը ստորագրելու համար, ինչը նա ընդունել է գոհունակությամբ: