Ծնողների հուզմունք ու սպասում. Հայաստանում քննական շրջանը մեկնարկել է
Այսօր Հայաստանում մեկնարկել է միասնական քննությունների առաջին փուլը, որը կշարունակվի մինչև հունիսի 17-ը: Երևանի պետական համալսարանում քիմիա և ռուսաց լեզու առարկաների քննության մեկնարկը տրվեց այսօր առավոտյան ժամը 9:30-ին, երբ բացվեցին թեստերի փաթեթավորված ծրարները և ծնողների ներկայությամբ բաժանվեցին դիմորդներին:
Քննության ընթացքին հետևում են Գնահատման և թեստավորման կենտրոնի աշխատակիցները` ներսում, իսկ դրսում` ծնողները` մոնիտորների առջև անհանգիստ անցուդարձ անելով:
Այսօր ռուսաց լեզու առարկայից քննությանը ներկայացել էր 15 դիմորդից 13-ը, իսկ քիմիա առարկայից 29 դիմորդից 8-ը բացակա էր: Քննության ընթացքին հետևող ԳԹԿ իրավաբանական բաժնի պետ Էդվարդ Սանթոսյանը կարծում է, որ քննական «թեստերն այս տարի հեշտ են, քննություն հանձնելը հեշտ կլինի»:
Գնահատման և թեստավորման կենտրոնի ղեկավար Գուրգեն Խաչատրյանի խոսքով, թեստերն ամբողջությամբ համապատասխանում են կրթական ուղեցույցներին: «Բայց ընդհանուր առմամբ, մենք փորձել ենք շատ ավելի մատչելի դարձնել, որպեսզի քննության մինիմալ շեմը հեշտ հաղթահարելի լինի` հաշվի առնելով նաև այն, որ այս տարի դիմորդները շատ ուժեղ չեն լինի, բայց բուհերը պետք է համալրվեն», -նկատեց Խաչատրյանը:
Բուհերում ընդունելությունը դյուրացնելը Սանթրոսյանի համոզմամբ, բացասական ազդեցություն կթողնի կրթության ընդհանուր որակի վրա: «Բայց, մի կողմից էլ դա շատ կարևոր խնդիր չէ. Իմ խորին համոզմամբ, բուհը, ինքը պետք է ընթացքում լուծի որակի խնդիրը: Եթե դպրոցը տվել է վատ որակի շրջանավարտ, դա չի նշանակում, որ պետք է նրան զրկել կրթական հաջորդ աստիճանից, իսկ բուհի գործը, ո՞րն է այդ դեպքում», -նկատեց ԳԹԿ ներկայացուցիչը:
Այս տարի Հանրապետությունում անցկացվող միասնական քննությունների առաջին փուլին մասնակցող դիմորդների քանակը 1209 է: Նշենք, որ այս թիվն անհամեմատ քիչ է, նախորդ տարվա դիմորդների թվի համեմատ, քանի որ այս տարի դպրոցների շրջանավարտներ ընդհանրապես չկան: Նախորդ տարի ընդունելության քննություններին մասնակցել է 17656 դիմորդ: Այս տարի դիմածների մեծամասնությունը` 609-ը, հանձնելու է քննություն Հայոց լեզու և հայ գրականություն, 544-ը` մաթեմատիկա, 365-ը` անգլերեն լեզու, 300-ը Հայոց պատմություն և այլ առարկաներից:
ԳԹԿ ղեկավարն ակնկալում է, որ մինչև քննությունների երկրորդ փուլ հնարավոր է դիմորդների քանակը հասնի 2000-ի: Եթե դիմորդները այս կամ այն պատճառներով դիմում-հայտ չեն ներկայացրել մասնակցելու առաջին փուլի քննություններին, ապա ցանկացողները կարող են հայտագրվել հունիսի 24-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում` քննությունների երկրորդ փուլին մասնակցելու համար. դրանք կմեկնարկեն հունիսի 2-ից 10-ն ընկած ժամանակահատվածում:
Բայց մինչ երկրորդ փուլը, նշենք, որ հունիս 4-ին դիմորդները կհանձնեն քննություններ հայոց լեզու և հայ գրականություն առարկայից, հունիսի 7-ին կենսաբանություն և աշխարհագրություն առարկաներից, հունիսի 10-ին` մաթեմատիկա առարկայից, հունիսի 14-ին օտար լեզու (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) և վերջում միասնական քննությունների առաջին փուլը կեզրափակվի հունիսի 17-ին` Հայոց պատմություն և ֆիզիկա առարկաների քննություններով:
Հատկանշական է, որ այս քիչ դիմորդների պարագայում հայաստանյան բուհերը բավականին շատ` 20 հազար 928 տեղ են հատկացրել դիմորդների համար. 24 հազար 028-ը` անվճար, իսկ 18 հազար 500-ը` վճարովի: