ԳԹԿ-ում թերևս գիտեն` ով է կազմակերպել նախորդ տարվա թեստերի արտահոսքը
Նախորդ տարի բուռն քննական շրջանում մեծ աղմուկ հանած իններորդ դասարանի թեստերի արտահոսքի կազմակերպիչները կամ հեղինակները դեռևս չեն պատժվել: Այսօր Երևանի պետական համալսարանում միասնական քննությունների մեկնարկի առիթով լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը հայտարարեց, որ արտահոսքի հեղինակների բացահայտմամբ զբաղվում են իրավապահ համապատասխան մարմինները:
«Չնայած մենք ունենք մեր ենթադրությունները և ինչ-որ տեղ գիտենք` ինչ է կատարվել ու այս տարի կանխել ենք որևէ արտահոսք», հայտարարեց Խաչատրյանը:
Panorama.am-ը փորձեց հստակեցնել` ինչ է նշանակում ենթադրություն ունեն, այսինքն ԳԹԿ-ում գիտե՞ն ով է մեղավորը, սակայն ի պատասխան Խաչատրյանը անորոշ պատասխան տվեց. «Դրանք ենթադրությունների մակարդակի են, ռուսերեն լավ բառ են ասում `«не пойман, не вор»: Դրա համար քանի դեռ մենք չենք ապացուցել, չնայած ամեն ինչ պարզ է: Բայց բավարարվենք այդքանով»:
Մեր պնդմանն ի պատասխան, ԳԹԿ-ից ասացին, որ արտահոսքի կազմակերպիչը համենայնդեպս իրենց կառույցից չէ: