Մեկնարկում է «ԲարՔեմփ Երևան 2011»-ը
Մոտ 500 ՏՏ մասնագետ, ճարտարագետներ, ծրագրավորողներ, բլոգերներ, օն-լայն լրագրողներ և սոցիալական ցանցերի ակտիվիստներ հունիսի 4-5-ը կհավաքվեն Երևանում` մասնակցելու «ԲարՔեմփ Երևան 2011» ոչ պաշտոնական կոնֆերանսին: Երևանում, Ամերիկյան Համալսարանի` Փարամազ Ավեդիսյանի մասնաշենքում անցկացվող ոչ պաշտոնական կոնֆերանսի մասնակիցները կքննարկեն տարածաշրջանում և աշխարհում համացանցային տեխնոլոգիաների, սոցիալական մեդիայի զարգացումները: Այս մասին հայտնում են «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
ԲարՔեմփը միջոցառումներ կազմակերպելու ձևաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005թ-ին ԱՄՆ-ում՝ Սիլիքոն Վելլեյում, և հետո ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում։ Այն նաև անվանում են (չ)կոնֆերանս, քանի որ միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչը ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։
ԲարՔեմփի փիլիսոփայությունը հետևյալն է. մասնակիցներն իրենք և զեկուցումներ են անում, և քննարկում դրանք։ Հակառակ ավանդական կոնֆերանսի՝ այստեղ օրակարգը ձևավորվում է մասնակիցների կողմից և վերջնական տեսք է ստանում միայն միջոցառման բացումից հետո. մասնակիցները գրատախտակի վրա ըստ ժամերի դասավորում են իրենց զեկուցումների թեմաները։
«ԲարՔեմփ Երևան 2011»-ի հովանավորներն ու աջակիցներ են Բիլայնը, Ինտերնյուսը՝ Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագրի շրջանակներում, ՅուԷսԷյԱյԴիի ֆինանավորմամբ, Օպերա Սոֆթվերը, Դիմ Քոմունիքեյշնսը և ՊանԱրմենիան.նեթը:
«BarCamp շարժումը շատ արագ ճանաչվածություն է ձեռք բերում տեղեկատվական տեխնոլոգիաների և նոր մեդիաների մասնագետների շրջանում: Դա զարմանալի չէ, քանի որ “չկոնֆերանսի” ձևաչափը հավասարեցնում է կորպորացիաների ղեկավարներին և շարքային օգտագործողներին, սկսնակ և հազարավոր ընթերցող ունեցող բլոգերներին: Մենք արժևորում ենք BarCamp-ի ազատ ստեղծագործ ոգին` այստեղ ողջունելի են օրիգինալ գաղափարներ և չկա կեղծ հեղինակությունների հանդեպ արձանագրային պաշտում: Լինելով Հայաստանում ինտերնետի զարգազման առաջատար, մեր ընկերությունը գիտակցում է BarCamp-ի կարևորությունը որպես նորարարական սոցիալական երևույթ», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
«Մեզ հետաքրքիր է բարքեմփային շարժումը, քանի որ այն մարդկանց այլընտրանքային լրատվության ռեսուրսների հնարավորություններն ու զարգացումները անկաշկանդ մթնոլոտում քննարկելու հնարավորություն է տալիս: Բարքամփի ձևաչափի օգնությամբ երիտասարդները, որոնց մեծ շատ են նաև լրագրողները տեղեկանում են ինտերնետային տեխնոլոգիաների վերջին զարգացումներին»,- ասում է Մամուլի աջակցության Ինտերնյուս հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը:
«ԲարՔեմփ Երևան 2011»-ին հատուկ հյուրի կարգավիճակում զեկուցումներ կկարդան Վիմպելկոմից ԱՊՀ երկրներում հասարակության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Մինաևը և հաղորդակցության մենեջեր Եկատերինա Տուրցևան, ռուսաստանցի հայտնի բլոգեր Դմիտրի Չերնիշևը (mi3ch), Օպերա Սոֆթվերը ներկայացնող Չարլզ ՄքՔեթիՆևիլը, Հոլանդիայից տեխնիկական և սոցիալական զարգացման մասնագետ Ադրիանուս Վերմենհովենը և ԲիԲիՍի Ուորլդ Նյուզի հաղորդավար, ԲիԲիՍիի սոցիալական մեդիա ուղեցույցի հեղինակներից Փունեհ Ղոդուսին: