Վարդան Մինասյան. «Առաջին հերթին ավելի լավ խաղ եմ ակնկալում, քան Երևանում»
Հունիսի 1-ին Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ բաց մարզումն անցկացրեց Ֆուտբոլի ակադեմիայում։ Սանկտ Պետերբուրգ մեկնելուց առաջ Հայաստանի ընտրանին կանցկացնի ևս մեկ մարզում, սակայն այն արդեն փակ է լինելու։
Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պարապմունքից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։
- Պարոն Մինասյան, արդեն 2 մարզում եք անցկացրել։ Ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները։
- Ամենակարևորը, որ այն ֆուտբոլիստները, ում հրավիրել ենք, ֆունկցիոնալ լավ վիճակում են, վնասվածքներ չկան։ Երեկվա ու այսօրվա տպավորություններից հետո որոշակի կարծիք կազմել եմ հիմնական կազմի վերաբերյալ։ Գլխավոր պարապմունքը դեռ առջևում է։ 19 հոգով ենք մեկնելու։ Մեկ հոգի էլ ավելի ենք տանելու։
- Այսինքն` Երևանում մնալու է 2 խաղացո՞ղ։
- Այո, բայց ես նրանց ասել եմ, որ դա ոչ մի բան չի նշանակում, որովհետև հավաքականում միշտ հավաքվում են ուժեղագույնները։ Եթե ինչ-որ մեկը չի ընգրկվում 18-ի կամ 19-ի մեջ, չի նշանակում, թե նա թույլ ֆուտբոլիստ է։ Ուղղակի այս պահին ընտրվում են լավագույնները` ըստ դիրքերի, որպեսզի բոլոր խաղային օղակներում բալանս լինի:
- Պարոն Մինասյան, կանխատեսումներ անել չեք սիրում, բայց, այնուամենայնիվ, ի՞նչ ակնկալիք ունենք Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպումից։
- Կանխատեսում անել, իրոք, չեմ սիրում: Ակնկալում եմ, որ ավելի լավ խաղանք, քան Երևանում։ Երևանում մեր խաղի որակն այնքան էլ բարձր չէր, չնայած դա ուներ իր պատճառները։ Ավելի որակյալ ֆուտբոլ կցուցադրենք: Որքան լավ խաղանք, բնականաբար, նույնքան բարձր կլինեն հաղթելու հնարավորությունները։
- Ռուսներին զարմացնելու ինչ-որ բան ունե՞ք։
- Ինչ-որ փոփոխություն կլինի կազմում։ Միայն դա կարող եմ ասել։
- Չե՞ք կարծում, որ Ռուսաստանի այս հավաքականն ամենաթույլն է իր պատմության մեջ, և նրան հնարավոր է հաղթել։
- Ես շատ եմ լսում նրանց մամուլի վերլուծությունները։ Շատ են քննադատում, բայց դա ինձ վրա չի ազդում։ Դա այդքան լուրջ չեմ ընդունում և Ռուսաստանի հավաքականին համարում եմ շատ ուժեղ թիմ։ Նրանց խաղացողներն անհատապես բարձրակարգ են։
- Դիկ Ադվոկատին համարո՞ւմ եք լավ մարզիչ։
- Մեկ անգամ արդեն ասել եմ, որ ՈՒԵՖԱ-ի գավաթը նվաճած մարզիչը չի կարող վատը լինել։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում