Հայաստանի ԶԼՄ-ների միջև մինի-ֆուտբոլի «ՎիվաՍել-ՄՏՍ-2011» երկրորդ մրցաշարն ավարտվեց
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը տեղեկացնում է, որ երեկ ավարտվել է Հայաստանի ԶԼՄ-ների միջև արդեն ավանդական դարձած մինի-ֆուտբոլի «ՎիվաՍել-ՄՏՍ-2011» երկրորդ մրցաշարը: Մրցաշարի կազմակերպիչն էր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան։ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնել էր մրցաշարի հովանավորությունը։
Մրցաշարի փակման արարողությունը կայացել է հունիսի 1-ին` Խուլերի միավորման մշակույթի և սպորտի պալատում։
Համառ պայքարում, Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի թիմը եզրափակիչում 8:5 հաշվով հաղթել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության թիմին: Նախորդ տարվա հաղթողները` «Մեդիամաքս» գործակալության տղաները, երրորդ տեղի համար մղվող պայքարում 12:3 խոշոր հաշվով պարտության են մատնել «4-րդ իշխանություն» թերթի թիմին:
Հաղթող թիմը` ԱԹԱ-ն պարգևատրվել է «ՎիվաՍել-ՄՏՍ-2011» մեծ գավաթով, պատվոգրով և մեդալներով: Երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած թիմերը ևս ստացել են գավաթներ, պատվոգրեր և մեդալներ։ Հատուկ մրցանակների են արժանանացել նաև մրցաշարի լավագույն խաղացող Սամվել Ջինանյանը («Երկիր մեդիա»), դարպասապահ Վահրամ Մկրտչյանը (ԱԹԱ), պաշտպան Մանուկ Մխիթարյանը (ԱԹԱ), հարձակվող Վահե Բոյաջյանը («4-րդ իշխանություն»), լավագույն ռմբարկու Արտավազդ Գրիգորյանը («Երկիր մեդիա»), ամենագեղեցիկ գոլի հեղինակ Արման Ալավերդյանը («Մեդիամաքս»), թիմի լավագույն ղեկավար Դավիթ Ալավերդյանը («Մեդիամաքս»), մրցաշարը լավագույնս լուսաբանող ԶԼՄ-ն («Երկիր մեդիա» հ/կ) և` ֆուտբոլում ունեցած մեծ վաստակի համար ՀՀ վաստակավոր մարզիչ Սեմյոն Իսրայելյանը։ Հատուկ պատվոգրի է արժանացել մրցաշարի հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: