Փոփոխություններ կառավարման ակադեմիայում
Կառավարության որոշմամբ հաստատվել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 2011/2012 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով 38 տեղ, որից առանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի` 29 տեղ, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով` 9 տեղ, տեղեկանում ենք Կառավարության պաշտոնական կայքից:
Նշենք, որ նախորդ տարիներին ակադեմիան չի ունեցել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով տեղեր:
Գործադիրն իր որոշումը հիմնավորում է նրանով, որ ՀՀ պետական կառավարման ակադեմիայում առկա է գենդերային դիսբալանսը մեղմելու խնդիր:
Կառավարությունը մեկ այլ որոշմամբ հաստատել է «Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնի համար անցկացված ընտրության արդյունքները:
Համաձայն նույն որոշման, Գուրգեն Խաչատրյանի հետ կկնքվի աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով: