Ուս. հաստատություն ընդունվելիս կպահանջվի ՀՀ բնակչության պետական ռեգիստրում գրանցված լինելու մասին տեղեկանք
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը:
Նախարարությունից հայտնում են, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը տեղեկություններ է ներկայացրել ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման և մարզերում միասնական ընդունարանների տեղակայման համար անհրաժեշտ շենքային պայմանների հատկացման գործընթացի մասին: Բոլոր մարզերում և Երևանում համապատասխան տարածքներ արդեն հատկացվել են, որոշակի խնդիրներ կան միայն Էջմիածին, Վայք, Սպիտակ, Ալավերդի համայնքներում: Փոխվարչապետը հանձնարարեց քննարկել և 1 շաբաթվա ընթացքում համապատասխան տարածքներ հատկացնել Վայք և Էջմիածին համայնքներում, իսկ Լոռու մարզում հարցը լրացուցիչ ուսումնասիրել տեղում:
Ներկայացվել է նաև անապահովության գնահատման համակարգում ընդգրկվելու նպատակով ընտանիքների փաստագրման ընթացքը, նշվել, որ աշխատանքներն իրականացվում են բնականոն, սկզբունքային խնդիրները լուծված են:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ քննարկվել են նաև ՀՀ անկախության 20-ամյակի և Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակի հոբելյանական միջոցառումների կազմակերպչական հարցեր: Հ. Պողոսյանը ներկայացրեց ՏԻ համակարգի ներդրման 15-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում անցկացվելիք «Համայնքների էքսպո-2011 թ.» մշակութային փառատոնի հետ կապված հարցեր: Նախարարը բարձրացրել է նաև մարզերում երաժշտական դպրոցների վերանորոգման խնդիրը: Փոխվարչապետն առաջարկել է յուրաքանչյուր մարզից 1-2 դպրոց ներգրավել 2011-2012 թթ. մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրում կամ առաջարկություններ ներկայացնել դրանք Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով վերանորոգելու վերաբերյալ:
Ըստ աղբյուրի, ՀՀ բնակչության պետական ռեգիստրում մինչև 16 տարեկան երեխաների հաշվառման գործընթացի վերաբերյալ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Ն. Մուրադխանյանը տեղեկացրել է, որ հաշվառումը կատարված է 85-90 տոկոսով: Մայիսի 31-ի դրությամբ ռեգիստրում արդեն հաշվառված է 310 հազար 550 երեխա, 60 հազար 898-ի գործերը պատրաստ են մուտքագրման: Արդյունքում ՀՀ բնակչության պետական ռեգիստրը համալրվել է մինչև 16 տարեկան 371 հազար 448 երեխայի տվյալներով: ՀՀ բնակչության պետական ռեգիստրը ներկայումս հանրապետության բնակչության պատկերն արտացոլում է մինչև 90 տոկոս ճշգրտությամբ, սակայն այս գործընթացը, ինչպես նաև կիրառվող տեխնիկական և իրավական մեխանիզմները, հնարավորություն կտան կարճ ժամանակ հետո ավելի ամբողջական ռեգիստր ձևավորել:
Արձանագրվել է նաև, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանում փոփոխություն կկատարվի, որով ուսումնական հաստատություններում երեխաների ընդունելության ժամանակ պարտադիր կպահանջվի նաև ՀՀ բնակչության պետական ռեգիստրում գրանցված լինելու մասին տեղեկանք: Հանձնարարվեց նաև ՀՀ արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից ճշտել այն ընտանիքների թիվը, ովքեր հաշվառման ժամանակահատվածում են դիմել` երեխայի ծննդյան վկայական ստանալու համար:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մասնակցությամբ քննարկվեցին գյուղատնտեսական ապրանքների մթերման գործընթացի հետ կապված հարցեր: Ս. Կարապետյանը տեղեկացրեց, որ խնդիրը նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Արդեն կան պատկերացումներ բերքի սպասվող ծավալների մասին, և մթերող բոլոր կազմակերպություններին տրվել է պայմանագրի օրինակելի ձև, որոնցով նրանք աշխատում են, կնքվում են պայմանագրեր:
Փոխվարչապետը հանձնարարեց, որ նշված հարցերով զբաղվող գյուղատնտեսության փոխնախարարն առաջիկայում այցելի Արարատի և Արմավիրի մարզպետարաններ, տեղեկացնի, թե ինչպիսի պայմանավորվածություններ են ձեռք բերվել և որ ընկերությունների հետ գյուղացիները պետք է աշխատեն: