ԱրմենՏելը կօժանդակի ԿԳ նախարարության կողմից իրականացվող մի շարք կրթական ծրագրերին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն այսօր համակգործակցության հուշագիր ստորագրեցին, որի համաձայն «ԱրմենՏելը» կօժանդակի նախարարության կողմից իրականացվող մի շարք կրթական ծրագրերի:
«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն հայտնեց, որ ընկերությունն արդեն մի քանի տարի է աջակցում Հայաստանի կրթական համակարգին: Մասնավորապես, ըստ նրա, այս տարիների ընթացքում ավելի քան 60 դպրոցներում բացել է լայնաշերտ ինտերնետով ապահովված համակարգչային դասասենյակներ:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խոսքերով, համագործակցության շրջանակներում «ԱրմենՏելը» 2011-12թթ. ընթացքում համակարգիչներ և բարձրորակ ինտերնետ-կապ կտրամադրի մարզային 10 դպրոցներին, ինչպես նաև կապահովի մասնագիտական օնլայն գրադարանների հասանելիություն Հայաստանի միջին մասնագիտական հաստատություններում:
Բացի դրանից, «ԱրմենՏելը» կստանձնի Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված մանկապատանեկան նկարչական երկրորդ մրցույթի-փառատոնի հովանավորությունը: Նախարարությունը ընկերության հետ համատեղ կկազմակերպի մրցույթ` կարճաժամկետ վերապատրաստման ծրագրեր իրականացնող պետական քոլեջների միջև, որի հաղթողները կընդգրկվեն «ԱրմենՏել»-ի անձնակազմի վերապատրաստման աշխատանքներում:
: