DigiTec բիզնես ֆորումում խրախուսվում է նորաստեղծ ընկերությունների մասնակցությունը
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) խրախուսում է սկսնակ ընկերությունների մասնակցությունը DigiTec բիզնես ֆորումի շրջանակներում և նրանց համար սահմանել է հատուկ մասնակցության պայմաններ: «Նորաստեղծ ընկերություններին սատարելը ռազմավարական խնդիր է մեզ համար: Մեր հիմնական նպատակն է քաջալերել նորարարական գաղափարներ ունեցող երիտասարդ մասնագետներին, սկսնակ գործարարներին: DigiTec բիզնես ֆորումը բավականին լավ հարթակ է, որպեսզի այդ ընկերությունները կարողանան ցուցադրել իրենց ապրանքներն ու ծառայությունները` ներկայանալով թե՛ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) համայնքին, թե՛ ավելի լայն լսարանին»,- ասում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
ԻՏՁՄ սահմանումով նորաստեղծ ընկերություն է համարվում 2008 թվականի հունիսի 1-ից ոչ շուտ պետական գրանցում ստացած ընկերությունները, որոնց էլ կտրամադրվեն հետևյալ մասնակցության պայմանները`
1. Մինչև 4 ՏՀՏ/ԲՏ ոլորտի սկսնակ ձեռնարկություններին կտրամադրվի 50% զեղչ` սկսնակ ընկերությունների կոնսոլիդացված տաղավարի մեջ ընդգրկվելու դեպքում:
2. Մինչև 3 ՏՀՏ/ԲՏ ոլորտի սկսնակ ձեռնարկություններին կտրամադրվի 20% զեղչ` առանձնացված տաղավարներով ներկայանալու դեպքում:
3. Բոլոր ներգրավված ընկերություններին ԱՆՎՃԱՐ կտրամադրվի 30 րոպե տևողությամբ գործարար ներկայացման հնարավորություն բիզնես ֆորումի կոնֆերանսների շրջանակում:
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը կտրամադրի նաև մասնագիտական աջակցություն և խորհրդատվություն բոլոր մասնակից ընկերություններին, թե ինչպես պատրաստվել և ներկայանալ ցուցահանդեսին, ներգրավել հաճախորդներին, խթանել վաճառքները և այլն:
Վերոնշյալ հնարավորությունները տրամադրվելու են «վաղ գրանցում - First come-first serve» սկզբունքը հաշվի առնելով:
Այս տարի DigiTec բիզնես ֆորումը կազմակերպվում է հունիսի 24-25-ը Microsoft Innovation Ֆորումի հետ համատեղ` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում: Ֆորումի կազմակերպիչը Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունն է, գլխավոր գործընկերը` «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline), պաշտոնական գործընկերը` Microsoft ընկերությունը: Ֆորումը կազմակերպվում է ՀՀ Վարչապետի Բարձր Հովանու ներքո: