Իրավապաշտպանը` ՔԿՀ-ների գերծանրաբեռնվածության և քաղաքական դաշտի մասին
«Հայաստանի քրեակատարողական հիմնարկները ոչ թե ծանրաբեռնված են, այլ` գերծանրաբեռնված»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
Նա նշեց, որ համաներման արդյունքում ազատ արձակվածների թիվը շատ փոքր է քրեակատարողական հիմնարկները թեթևացնելու համար: «Ես դեմ եմ ցմահ բանտարկությանը և կողմնակից եմ պատիժների մեղմացմանը»,-ընդգծեց Վ. Հարությունյանը:
Անդրադառնալով Սարգիս Հացպանյանին, Վարդան Հարությունյանը կարծիք հայտնեց, որ վերջինին ևս հարկավոր է ազատել: Ինչ վերաբերվում է Տիգրան Փոստանջյանին, ապա ըստ իրավապաշտպանի, նրա նկատմամբ կիրառված հոդվածը ապաքրեականացվել է: «Ակնհայտ է, որ այս երիտասարդը չէր լինի բանտում, եթե չլիներ Զարուհի Փոստանջյանի եղբայրը»,-հավելեց Վ. Հարությունյանը:
Ի դեպ, նրա կարծիքով, համաներումը չի թեթևացրել քաղաքական դաշտի լարվածությունը:
Իրավապաշտպանը իշխանությունների և ընդդիմության միջև գաղտնի գործարքներ չի տեսնում: Ըստ նրա, «ՀԱԿ-ը ունի գործողությունների ծրագիր և փորձում է դրանք ի կատար ածել»: «Կարծում եմ, որ այս 3 տարվա ընթացքում Հայ Ազգային Կոնգրեսը քայլ առ քայլ հասել է հաջողությունների և ընդդիմության բոլոր պահանջները կատարվել են»,- ասաց Վարդան Հարությունյանը:
Ինչպես իրավապաշտպանն ինքն է ասում, չլինելով ՀԱԿ անդամ, բայց ընդդիմադիր կեցվածքի գործիչ` կարևորն այն է համարում, որ «ընդդիմության հաջողության դեպքում տեղի չունենա վենդետտա»:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի