Աբրահամ Խաշմանյան. «Ես հավատում եմ, որ տղաները լավ խաղ կցուցադրեն»
Կապանի «Գանձասարի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը մեր թղթակցի հետ զրույցում անդրադառնում է այսօր Սանկտ Պետերբուրգում «Եվրո-2012»-ի շրջանակներում կայանալիք Ռուսաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը` հայտարարելով, որ մեր ազգային թիմի կազմում կան այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր անհատական վարպետությամբ ոչ միայն չեն զիջում մրցակցի խաղացողներին, այլև նույնիսկ գերազանցում են նրանց:
- Պրն Խաշմանյան, Հայաստանի հավաքականն ի՞նչ հնարավորություններ ունի Ռուսաստանի ընտրանու հետ այսօրվա խաղում:
- Իմ կարծիքով` մրցակիցը շատ փոքր առավելություն կունենա` շնորհիվ այն հանգամանքի, որ հանդես է գալու սեփական հարկի տակ: Բայց ես վստահ եմ, որ մեր տղաները ռուսներին խնդիրների առջև կկանգնեցնեն: Այն ֆուտբոլիստները, ովքեր խաղում են Հայաստանի առաջնությունում, այժմ բավական լավ մարզավիճակում են, իսկ լեգեոներները մշտապես խաղում են իրենց թիմերի կազմերում: Անհանգստացնում է միայն Յուրա Մովսիսյանի մարզավիճակը. վնասվածքից ապաքինվելուց հետո նա «Կրասնոդարի» կազմում լիարժեք հանդիպում չի անցկացրել: Բայց Յուրան այնպիսի ֆուտբոլիստ է, ով հաստատ ձգտելու է դրսևորել իր լավագույն որակները:
Հայաստանի հավաքականն այժմ այնպիսի ճնշման չի ենթարկվի, ինչպես երևանյան խաղի ժամանակ: Այստեղ ֆուտբոլային հասարակայնությունը, տրիբունաները ֆուտբոլիստներից շատ ավելին էին պահանջում, ինչը թելադրված էր ընտրական փուլում թիմի հաջող ելույթներով: Այժմ տղաները ձերբազատված կլինեն նման ճնշումից և ավելի հանգիստ կգործեն:
Իհարկե, պետք է նկատի ունենալ, որ ռուսները խաղալու են իրենց մարզադաշտում, և մրցաշարային առումով հաղթանակը նրանց համար շատ կարևոր է: Կողմերի հնարավորությունները գնահատում եմ 60:40-ի հարաբերությամբ:
- Կիսո՞ւմ եք այն կարծիքը, որ Հայաստանի հավաքականի համար շատ կարևոր կլինի մեկնարկային 20-25 րոպեն:
- Չէի ասի, որ այդ ժամանակահատվածը վճռորոշ է լինելու: Ողջ հանդիպումը լարված ընթացք կունենա, և պայքարը խաղադաշտում կավարտվի միայն մրցավարի սուլիչից հետո: Հասկանալի է` ռուսները կցանկանան հենց խաղասկզբում առավելություն ստանալ, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ մեկնարկային 20-25 րոպեներին տեղի ունեցած իրադարձությունները կպայմանավորեն խաղի ելքը: Ես չեմ կարծում, որ ռուսները մեծ առավելություն կունենան, քանի որ այսօր Եվրոպայում բոլորն էլ ֆուտբոլ հասկանում են, կարողանում են պատրաստել թիմերին և խաղալ: Մենք ունենք նաև այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր անհատական վարպետությամբ ոչ միայն չեն զիջում մրցակցի խաղացողներին, այլև նույնիսկ գերազանցում են նրանց: Խոսքը հատկապես Հենրիխ Մխիթարյանի և Յուրա Մովսիսյանի մասին է:
- Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների մարզավիճակը, եթե համեմատենք մարտի 26-ին Երևանում կայացած հանդիպման հետ, որքանո՞վ է բարձրացել:
- Մոտավորապես 30 տոկոսի տարբերություն կա: Բայց եկեք չմոռանանք, որ Ռուսաստանում էլ մարտին առաջնությունը նոր էր մեկնարկել: Ես կարծում եմ, որ Ռուսաստան-Հայաստան խաղում առաջին պլան է մղվելու նաև մարզական բախտի գործոնը: Եվ եթե մենք ոչ-ոքի արդյունք արձանագրենք, պետք է այն ընկալենք որպես դրական արդյունք:
- Իսկ ինչի՞ հաշվին Հայաստանի հավաքականը կարող է դրական արդյունք ապահովել:
- Միայն թիմային խաղի շնորհիվ: Իհարկե, կարևոր կլինեն նաև մեր առաջատարների անհատական գործողությունները: Չէ՞ որ նրանք ի վիճակի են կես պահից գոլ արարել:
- Իսկ, ըստ Ձեզ, մեր թիմը կարո՞ղ է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ մտնել:
- Դեռ ոչինչ պարզ չէ և ոչինչ կորսված չէ: Երեք թիմ 10-ական միավոր ունի, իսկ մեր ընտրանին նրանց հաջորդում է 8 միավոր արդյունքով: Մեր հաղթանակը կամ մրցակիցներից որևէ մեկի պարտությունը զգալի փոփոխություններ կարող է մտցնել մրցաշարային աղյուսակում: Ռուսների նկատմամբ հաղթանակը մեզ նաև լրացուցիչ ռեսուրսներ կտա, որպեսզի պայքարենք մինչև վերջ:
- Հոգեբանական ռեսուրսների մասի՞ն է խոսքը:
- Այո, դա շատ մեծ նշանակություն ունի: Եվ նույնիսկ ոչ-ոքին հոգեբանորեն դրական կանդրադառնա մեր խաղի վրա աշնանային վճռական ժամանակահատվածում: Ես հավատում եմ, որ տղաները լավ խաղ կցուցադրեն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում