Քննական շրջանը շարունակվում է. դիմորդները քննություն են հանձնում հայոց լեզու և հայ գրականություն առարկայից
Այսօր շարունակվում է միասնական քննությունների առաջին փուլը։
Մեկ ժամ առաջ Երևանի պետական համալսարանում տրվեց հայոց լեզու և հայ գրականություն առարկայից քննության մեկնարկը, երբ բացվեցին թեստերի փաթեթավորված ծրարները և բաժանվեցին դիմորդներին:
Քննության ընթացքին հետևում են Գնահատման և թեստավորման կենտրոնի աշխատակիցները` ներսում, իսկ դրսում` ծնողները` մոնիտորների առջև անհանգիստ անցուդարձ անելով:
Ինչպես լրագրողներին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի ղեկավար Գուրգեն Խաչատրյանը, այսօր հայոց լեզու և հայ գրականություն առարկայից Երևանի քննակենտրոնում քննությանը ներկայացել է 185 դիմորդից 168-ը, բացակայում էր 17 դիմորդ։
Այս տարի այս առարկայից հանրապետությունում քննություն է հանձնելու 609 դիմորդ։
«Նախորդ երկու քննությունները հիմք են տալիս մտածելու, որ այսօրվա քննությունը նորմալ կընթանա։ Այս տարի, իմ տեղեկություններով, մասնավոր բուհերի դիմորդ չկա», -նկատեց Գուրգեն Խաչատրյանը:
Անդրադառնալով քննական թեստերի հնարավոր արտահոսքին, ԳԹԿ ղեկավարը վստահեցրեց, որ արվել է ամեն բան նման երևույթը բացառելու համար։ «Տպագրությունից առաջ դիմել եմ կենտրոն ոստիկանություն հսկողությունն ուժեղացնելու համար։ ԳԹԿ-ում ավելացվել էին տեսագրող սարքերը, սահմանափակվել էր նաև տպարանի մուտքը», -նշեց Գուրգեն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ այս տարի Հանրապետությունում անցկացվող միասնական քննությունների առաջին փուլին մասնակցող դիմորդների քանակը 1209 է: Նշենք, որ այս թիվն անհամեմատ քիչ է, նախորդ տարվա դիմորդների թվից, քանի որ այս տարի դպրոցների շրջանավարտներ ընդհանրապես չկան: Նախորդ տարի ընդունելության քննություններին մասնակցել է 17656 դիմորդ: Այս տարի դիմածների մեծամասնությունը` 609-ը, հանձնելու է քննություն Հայոց լեզու և հայ գրականություն, 544-ը` մաթեմատիկա, 365-ը` անգլերեն լեզու, 300-ը Հայոց պատմություն և այլ առարկաներից: