Հայտնի են քիմիա և ռուսաց լեզու առարկաների քննության արդյունքները
Այսօր առավոտյան ժամը 9-ից Երևանի և բոլոր մարզերի քննակենտրոններում, քննական կարգի համաձայն, փակցվել են միասնական քննություն հանձնող այն շրջանավարտների գնահատականներն, ովքեր հունիսի մեկին քննություն էին հանձնել քիմիա և ռուսաց լեզու առարկաներից։
Հիշեցնենք, որ Երևանում ռուսաց լեզու առարկայից քննության էր ներկայացել 15 դիմորդից` 13-ը, քիմիա առարկայից 29 դիմորդից 8-ը` բացակա էր:
Գնահատման և թեստավորման կենտրոնի ղեկավար Գուրգեն Խաչատրյանը նախորդ քննության արդյունքները դրական է գնահատում։ «Ռուսաց լեզու և քիմիա առարկաներից միջին միավորը 9.9-10 է , դա նորմալ է։ Դրական շեմը չհաղթահարածների թիվը 20%-ի սահմաններում է »,- տեղեկացրեց ԳԹԿ ղեկավարը։
Նշենք, որ քիմիա առարկայի քննությանը 102 դիմում-հայտ ներկայացրած աշակերտներից ներկայացել էր 69 դիմորդ։ Ռուսաց լեզու առարկայից 81 դիմում-հայտ ներկայացրած աշակերտներից ներկայացել էր 71 դիմորդ։
Քիմիա առարկայից միջին միավորն այս տարի 9.96 է, 17.5-20 միավոր հավաքած մասնակիցների թիվը 3՝ ընդհանուր դիմորդների 4.3%-ը։ Դրական միավորի շեմը չանցած մասնակիցների թիվը 16 է ` ընդհանուր դիմորդների 23.2%-ը։
Ռուսաց լեզու առարկայից միջին միավորը 10.53 է, 17.5-20 միավոր հավաքած մասնակիցների թիվը 3՝ ընդհանուր դիմորդների 4.2%-ը։ Դրական միավորի շեմը չանցած մասնակիցների թիվը 15 է` ընդհանուր դիմորդների 21.1%-ը։
ԳԹԿ-ից տեղեկացնում են, որ վաղը առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան 18.00 իրենց գնահատականներից դժգոհող դիմորդները կարող են բողոքարկել գնահատականները։