Աղիքային վարակի առումով Հայաստանում իրավիճակը հանգիստ է. ԱՆ
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` վերջին օրերին Գերմանիայում արձանագրվել է ախտածին աղիքային ցուպիկով հարուցված սուր աղիքային վարակի 1534 դեպք, որից` 15-ը մահվան ելքով: Արձանագրված դեպքերից 470-ը եղել է հեմոռագիկ ուռեմիկ համախտանիշով, որից 9-ը` մահվան ելքով: Հիվանդության դեպքերի 86%-ը արձանագրվել է 20 և բարձր տարիքով անձանց մոտ: Սույն աղիքային վարակն ընթանում է որովայնային ցավի և արյունային լուծի երևույթներով, իսկ հեմոռագիկ ուռեմիկ համախտանիշը` սուր երիկամային անբավարարությամբ, սակավարյունությամբ: Վարակը կարող է փոխանցվել մարդուն սննդամթերքի, ջրի և այլնի միջոցով: Գերմանիայում արձանագրված բռնկման հետ կապված իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն, որի արդյունքում վարակի աղբյուրը դեռևս չի պարզվել:
Հայաստանի Հանրապետությունում վերը նշված հիվանդության առումով համաճարակային իրավիճակը հանգիստ է:
Առողջապահության նախարարությունից վստահեցնում են, որ իրականացվում են բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացումը և տարածումը կանխելու համար:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը կոչ է անում բնակչությանը.
• չգնել անհայտ ծագման, ոչ սահմանված վայրերում և առանց պատշաճ ջերմաստիճանային և հիգիենիկ պայմանների վաճառվող, հատկապես` արագ փչացող սննդամթերք,
• սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ և այլն) օգտագործելուց առաջ լավ լվանալ միայն հոսող խմելու ջրով (չօգտագործել առուների, գետերի ջրերը),
• հետևել ձեռքերի հիգիենային՝ հաճախակի լվացվել օճառով, հատկապես սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ,
• սննդամթերքը պահել փակ տարաներում` ճանճերի աղտոտումը կանխարգելելու նպատակով,
• չթույլատրել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում, ոռոգման ջրանցքերում,
• խմելու ջրի համային և գունային հատկությունների փոփոխությունների, տեսանելի նստվածքների առկայության դեպքերում այն օգտագործել միայն եռացնելուց հետո և անհապաղ ահազանգել ջրամատակարարման համակարգը սպասարկող և վերահսկող մարմիններին,
• ջրանջատումներից հետո ծորակից ջուրն օգտագործել որոշ ժամանակահատված հոսելուց հետո,
• աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների (լուծ, որովայնի շրջանում ցավ, տենդ, փսխում) առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան