Ադրբեջանի համալսարաններում կաշառակերության սեզոն է
Ադրբեջանի բարձրագույն դպրոցներում սկսվել է ամառային քննաշրջանը: Երկրի առաջատար դպրոցներում մեծ թափով փող է հավաքվում:
«Բիզիմ յոլ» թերթն այդ կապակցությամբ հանդիպել է Բաքվի պետական համալսարանի ուսանողներին, որոնք թերթի թղթակցին ասել են, որ ԲՊՀ-ն ոչ թե բարձրագույն դպրոց է, այլ` շուկա: Դասախոսների մի մասը զբաղված է կաշառք հավաքելով, մյուս մասը` գիտաճյուղի հետ կապ չունեցող գրքերի վաճառքով: Երրորդ կուրսի ուսանող Էլնուրն ասել է, որ համալսարանի բոլոր ֆակուլտետներում կաշառքն է տիրում: «Կապ չունի դու դասերը սովորում ես, թե ոչ: Մեկ քննության արժեքը 200-300 մանաթ է (250-350 դոլար): Մի խոսքով, աղքատ ուսանողներին խորհուրդ եմ տալիս փաստաթղթերը ԲՊՀ չտալ: Հակառակ դեպքում, հարկադրված կլինեն ամեն քննաշրջանի համար 500 մանաթ վճարել»,- ասում է նա:
4-րդ կուրսի ուսանող Անարն էլ հավելել է, որ եթե կաշառք չլինի, երեխաները դիպլոմ ստանալ չեն կարող: «Լավ է, որ կաշառք կա, թե չէ ուսանողների կեսը դիպլոմ չի կարող ստանալ: Բայց դե դասախոսներն էլ չափն արդեն անցել են: Եթե առաջներում ամեն քննության համար 10-20 մանաթ (մոտ 20 դոլար) էին պահանջում, այժմ 80-300-ից (100- 360 դոլար) պակաս չեն վերցնում: Նրանք օգտվում են ուսանողների անգրագիտությունից»,- ասում է Անարը:
«Բիիզիմ յոլ»-ի թղթակիցը պարզել է, որ Ադրբեջանի տեխնիկական համալսարանում բոլոր քննությունները միասին կարելի է «հանձնել» 300 մանաթով (360 դոլար): «Ամենաշատ փող հավաքող դասախոսը տրանսպորտի ֆակուլտետի դեկանն է: Այստեղ ուսանողների մեծ մասը քննությունների շրջանում խրվում է պարտքերի մեջ»,- ասում են ուսանողները:
Թերթն ընդգծում է, որ ամեն քննաշրջանում Կրթության նախարարությունում «թեժ գիծ» է գործում, սակայն ոչ մի ուսանող այդտեղ չի դիմում, քանի որ անպայման պետք է հայտնի, թե ով է, որտեղ և որ կուրսում է սովորում: Իսկ երբ ուսանողը հայտնում է իր անունը, հարցականի տակ է մնում ուսանողի` տվյալ համալսարանում մնալու հարցը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին