Քննական շրջանը շարունակվում է. քննություն են հանձնում աշխարհագրություն, ընդհանուր պատմություն և կենսաբանություն առարկաներից
Այսօր շարունակվում է միասնական քննությունների առաջին փուլը։
Մեկ ժամ առաջ Երևանի պետական համալսարանում տրվեց աշխարհագրություն, ընդհանուր պատմություն և կենսաբանություն առարկաներից քննության մեկնարկը, երբ բացվեցին թեստերի փաթեթավորված ծրարները և բաժանվեցին դիմորդներին:
Այս տարի հանրապետությունում աշխարհագրություն առարկայից դիմորդների թիվը 35 է , ընդհանուր պատմություն առարկայից` 71 և կենսաբանություն առարկայից 134 դիմորդ։
ԵՊՀ քննական կենտրոնի տնօրեն Գյուլնարա Փալիկյանը լրագրողներին հայտնեց, որ քննություններն ընթանում են հանգիստ մթնոլորտում և առայժմ որևէ արտառող դեպք չի նկատվել։ «Կենսաբանություն առարկայից 41 դիմորդից ներկայացել 37-ը, ընդհանուր պատմությունից բացականեր չունենք, երկու դիմորդն էլ ներկայացել են, աշխարհագրությունից ևս բացակա չունենք, բոլոր հինգ դիմորդն էլ ներկայացել է»,-տեղեկացրեց Գյուլնարա Փալիկյանը։
Գնահատման և թեստավորման կենտրոնի ղեկավար Գուրգեն Խաչատրյանն ամփոփելով նախորդ ` հայոց լեզու և գրականություն առարկայից քննության արդյունքները նշեց, որ քննություն հանձնած շուրջ 600 դիմորդից անբավարար ստացել է միայն 25-ը։ «Եթե հաշվի առնենք, որ թեստերում կարող են անճշտություններ լինել, այդ քսանհինգ անբավարարներից որոշ դիմորդներ ևս կարող են դրական ստանալ։ Որևէ անճշտություն գտնելու դեպքում անպայման կուղենք»,-նշեց Գուրգեն Խաչատրյանը և հավելեց, որ «քանի որ բուհերի ընդունող հանձնաժողովները դիմում էին մեզ, որ կան դիմորդներ, ովքեր այս կամ այն պատճառով ուշացել են հայտագրումից, մենք դիմեցինք կառավարություն և ստացանք թույտվություն հայտագրման ժամկետները երկարաձգելու համար։ Այժմ շարունակվում է դիմում հայտերի ընդունումը մինչև հուլիսի տասը»։
Հիշեցնենք, որ այս տարի Հանրապետությունում անցկացվող միասնական քննությունների առաջին փուլին մասնակցող դիմորդների քանակը 1209 է: Այս տարի դիմածների մեծամասնությունը` 609-ը, հանձնելու է քննություն Հայոց լեզու և հայ գրականություն, 544-ը` մաթեմատիկա, 365-ը` անգլերեն լեզու, 300-ը Հայոց պատմություն և այլ առարկաներից: