Դոմինիկ Ստրոս Կանը չի ընդունել առաջադրված մեղադրանքները
Նյու-Յորքի Գերագույն քրեական դատարանում կայացել է Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանի գործով առաջին դատական լսումը:
Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Ստրոս Կանը դատարան է ժամանել կնոջ ու փաստաբանների հետ: Դատարանի մուտքի մոտ ԱՄՀ նախկին ղեկավարին դիմավորել են տասնյակ լրագրողներ ու սպասուհիների համազգեստներով ցուցարարներ:
Երկուշաբթի օրը Նյու-Յորքի դատախազությունը վեց կետից բաղկացած մեղադրանք էր առաջադրել Ստրոս Կանին, որոնցից 5-ը կապված է սեռական բնույթի հանցագործությունների հետ:
Մեղադրանքների առնչությամբ դատավորի հարցադրմանն ի պատասխան, Ստրոս Կանն ասել է, թե չի ընդունում իր մեղքը:
Հիշեցնենք, ԱՄՀ ղեկավարը բռնաբարության մեղադրանքով 1 մլն. դոլար գրավի դիմաց գտնվում է պայմանական ազատության մեջ: ԱՄՀ ղեկավարի նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեղադրանք էր ներկայացվել Նյու-Յորքի հյուրանոցներից մեկի սպասուհու հայտարարության հիման վրա: