Ա. Կասպրչիկ. Ժամանակավոր կարգավիճակը ԼՂՀ ներկայիս կարգավիճակից ցածր չի լինելու
Ժամականավոր կարգավիճակը, որ այսպես կոչված Մադրիդյան սկզբունքներով նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի համար մինչև հանրաքվեի անցկացումը, չպետք է ավելի ցածր լինի, քան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայիս կարգավիճակն է:
Այս մասին «Regnum» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
«Հատուկ կարգավիճակը չպետք է նշանակալից տարբերություն ունենա այն կարգավիճակից, որն այս պահին ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այդ ժամանակ անհրաժեշտ կլինի այդ ժամականակավոր կազմավորման միջազգային ճանաչումը: Շրջանակային համաձայնագրի ընդունումից հետո մանրամասների շուրջ բանակցություններ կընթանան»,- նշել է Ա. Կասպրչիկը:
Փաստորեն, բանակցային գործընթացին քաջատեղյակ դիվանագետը հաստատել է փորձագիտական շրջանակներում ներկայացվող այն թեզը, որ Մադրիդյան սկզբունքներով առաջարկվող «ժամանակավոր կարգավիճակն», այսպես կոչված «ներկայիս կարգավիճակ գումարած միջազգային ճանաչում» բանաձևն է ենթադրում:
Այսինքն` ԼՂՀ-ն որպես պետական կազմավորում շարունակում է պահպանել իր ինքնիշխանությունը և դրան ավելանում է այդ իրողությունը միջազգային հանրության կողմից պաշտոնապես ճանաչելու հանգամանքը:
Նկատենք, որ ժամանակավոր կարգավիճակով Լեռնային Ղարաբաղն, ըստ միջնորդների առաջարկների, օժտված է լինելու մինչև վերջնական կարգավիճակի հստակեցումը: Իսկ վերջնական կարգավիճակը սահմանվելու է, Ա. Կասպրչիկի բնորոշմամբ` «այդ տարածքում հանրաքվեի անցկացմամբ»:
Նախագահներ Օբամայի, Սարկոզիի և Մեդվեդևի հայտարարություններում «հանրաքվե» տերմինը չի օգտագործվում, փոխարենը տրված է «իրավական պարտադիր հետևանք առաջացնող կամարտահայտություն» ձևակերպումը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան