Skype-ը խնդիրներ ունի և չի աշխատում
Այս պահին Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում և այլ երկրներում բազմաթիվ օգտատերեր չեն կարողանում օգտվել Skype ծառայությունից,
տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները։
«ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ Skype-ի հետ կապված խնդիրների մասին իրենք նույնպես տեղեկացել են ինտերնետ կայքերից։ Նա նաև տեղեկացրեց, որ մինչ այս պահը ԱրմենՏել-ի բաժանորդների սպասարկման կենտրոններում Skype-ի վերաբերյալ որևէ բողոք չի ընդունվել։
Skype-ի պաշտոնական էջում ղեկավարությունը ներողություն է խնդրում ժամանակավոր անհարթությունների համար: Ղեկավարությունը նաև տեղեկացնում է, որ այժմ խնդիրը հարթվում է, և skype-ը շուտով կաշխատի։ Դեռևս ճշտված չեն ոչ ծառայության բացակայության պատճառը, ոչ էլ այն օգտատերերի թիվը, ովքեր չեն կարողանում օգտվել ծառայությունից: Այնուամենայնիվ` տեղական ժամանակով 16.30-ի տվյալներով, skype-ում օնկայն ռեժիմում եղել է 790 հազար օգտատեր, իսկ սովաորաբար այդ ժամին օգտատերեի թիվը տատանվել է 12-ից 15 միլիոնի միջակայքում:
Նշենք նաև, որ «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը պաշտոնապես հերքեց շրջանառվող այն լուրերը, թե ընկերությունը Skype-ի ծառայությունից օգտվելու համար գումար է գանձում օգտատերերից։
««ԱրմենՏել» ընկերությունը որևէ առնչություն չունի այս ամենի հետ, Skype-ի ծառայությունն այսօր պատկանում է Microsoft ընկերությանը»,-նշեց Անուշ Բեղլոյանը։
Հիշեցնենք, որ ծառայության հետ կապված խնդիրներ եղել են նաև մոտ 2 շաբաթ առաջ` մայիսի 26-ին: