«Ամերիա». Երկրում կգործի Ramada Yerevan-ը, նախագիծը ավարտին կհասցվի 2013-ին
Հայաստանյան առաջատար խորհրդատվական «Ամերիա» ընկերությունը հայտարարում է, որ իր աջակցությամբ կնքվել է Wyndham Worldwide (NYSE: WYN) ընկերության երեք ճյուղերից մեկը հանդիսացող աշխարհի ամենախոշոր Wyndham Hotel Group հյուրանոցային ցանցի հետ լիցենզային պայմանագիր, համաձայն որի երկրում կգործի Ramada ցանցի առաջին հայաստանյան համալիրը` Ramada Yerevan-ը:
Հյուրանոցային համալիրի կառուցման ծրագրի շրջանակներում «Ամերիա» ՓԲԸ-ն մատուցել է խորհրդատվական ծառայություններ հյուրանոցի կառուցման ու զարգացման նախագիծն իրականացնող մասնավոր ներդրողներին, ինչպես նաև արդյունավետ բանակցություններ է վարել Wyndham Hotel Group-ի հետ, ինչի արդյունքում ստորագրվել է Երևանում RAMADA ցանցի չորս աստղանի հյուրանոցային համալիր կառուցելու պայմանագիրը: «Ամերիա» ՓԲԸ-ն գործարար ծրագրի մշակմանը զուգընթաց իրականացրել է նաև հյուրանոցային համալիրի կառուցման ֆինանսական պլանավորումը և աջակցություն է ցուցաբերել պայմանագրերի մշակման և կնքման գործընթացում:
Հյուրանոցը գտնվելու է Երևանի նոր կառուցվող գործարար և բնակելի տարածքում` «Նոյ» թաղամասի շրջակայքում, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մոտ 3 կմ հեռավորության վրա: Համալիրը կլինի Wyndham Hotel Group խմբի առաջին ներդրումը Հայաստանում:
Նոր կառուցվող համալիրի սեփականատերն է «Ռամեո Օտել» ՓԲԸ-ն: Տեղակայված լինելով Լենինգրադյան պողոտայում` հյուրանոցը կունենա 120 ժամանակակից սենյակ` անվճար անլար ինտերնետ կապով, բոլոր հարմարություններով և Արարատ լեռան հիասքանչ տեսարանով:
Բոլոր սենյակներն ապահովված կլինեն երկտեղանոց մահճակալներով, մեծ գրասեղանով, LCD բազմալիք արբանյակային հեռուստացույցով, IDD հեռախոսով (ուղիղ միջազգային կապ), ձայնային փոստով և էլեկտրոնային չհրկիզվող պահարանով:
Հյուրանոցում կգործի շուրջօրյա ռեստորան, որն այցելուներին կառաջարկի տարատեսակ ազգային խոհանոցների համադրությամբ նախաճաշ` շվեդական սեղանի տարբերակով, ճաշ` կերակրացանկի ընտրությամբ (à la carte), և ընթրիք: Համալիրում կգործի նաև հայկական ռեստորան, որի այցելուները կկարողանան համտեսել հայկական խոհանոցի ավանդական ճաշատեսակները: Ճեմասրահին կից կգործի սրճարան, որտեղ կմատուցվեն տաք և սառը ոչ ալկոհոլային խմիչքներ: Հյուրանոցում կգործի նաև շուրջօրյա սպասարկման ծառայություն:
Գործնական նպատակներով Հայաստան այցելած զբոսաշրջիկների համար հասանելի կլինի բոլոր հարմարություններով հագեցած շուրջօրյա բիզնես-կենտրոնը, ինչպես նաև հանդիպումների չորս սենյակ` համալրված ժամանակակից աուդիո և վիդեո սարքավորումներով: Համալիրում կգործեն ընդարձակ SPA-սրահը, ջերմաստիճանի կառավարմամբ փակ լողավազանը, մեծ մարզադահլիճը, շոգեբաղնիքը և այլ հարմարություններ: Հյուրանոցին կից կառուցվելու է հյուրանոցի այցելուների համար հասանելի մարզաժամանցային կենտրոն: Հյուրանոցում հնարավոր կլինի կազմակերպել նաև փոխադրում օդանավակայանից և դեպի օդանավակայան: Գործելու է կայանատեղի:
Ներկայացված նախագիծը նախատեսվում է ավարտել 2013 թվականին: Համալիրի շահագործմամբ կստեղծվի շուրջ 100 նոր աշխատատեղ: Կառուցվող համալիրը կնպաստի Հայաստանում զբոսաշրջության զարգացման խթանմանը` բարձրորակ հյուրանոցային ծառայությունների մատուցման միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա