ԳԱԱ-ում մասնագետները քննարկել են հայաստանում IPv6 արձանագրության ներդրման հարցը
IPv6 արձանագրության միջազգային օրվա առթիվ այսօր ԳԱԱ-ում տեղի է ունեցել կլոր սեղան: Մասնակցել են ինչպես ԳԱԱ ASNET-AM ցանցի, այնպես էլ Orange, Arminco, CORNET, GNC alfa, Web և այլ պրովայդերների ներկայացուցիչներ: Կլոր սեղանի շրջանակներում քննարկվեցին IPv6 արձանագրության ներդրման, գրանցված և գործարկված IPv6 հասցեների բլոկերի առկայության, ինչպես նաև DNS ծառայության, HTTP և մի շարք այլ կարևոր արձանագրությունների տարածման հարցերը: Այս մասին հայտնեցին ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:
Աշխարհում մեծ արագությամբ ավելանում են այն սարքավորումները, որոնք մուտք ունեն ինտերնետ, օրինակ` համակարգիչները, բջջային հեռախոսները և այլն: Այդ սարքերը ինտերնետ մուտք գործելու համար ստանում են համապատասխան IP հասցե: Գործող IPv4 արձանագրության հասցեները մինչև տարեվերջ կսպառվեն:
Այդ խնդիրը կլուծի IPv6 արձանագրությունը: Այն հնարավորություն է տալիս ավելի շատ հասցեներ տրամադրել. նրա հասցեի երկարությունը 32 բիտի փոխարեն 128 բիտ է: Ներդնելով IPv6 արձանագրությունները` պրովայդերները կշարունակեն աշխատել և IPv4, և IPv6 արձանագրություններով: Հայաստանի մի շարք պրովայդերներ մասնակիորեն աշխատում են IPv6 արձանագրությամբ:
«IPv6 արձանագրությունը բացի այն, որ տալիս է հասցեների ընդլայնում, այլ նաև նպաստում է նոր ծառայությունների ներդրմանը»,-ասել ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը:
Ելույթներով հանդես եկել են նաև «Ինտերնետ Հանրությանը» ՀԿ-ի փոխնախագահ Գրիգոր Սաղյանը, ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» լաբորատորիայի վարիչ Արսեն Գալստյանը և ուրիշներ: