Մինասի որմնանկարները տեղափոխելու դեմ բողոքի գործողությունները Գյումրիում շարունակվում են
Իտալիայից հրավիրված մասնագետի մասնակցությամբ Մինաս Ավետիսյանի բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները, այսօր արդեն ավարտել են Գյումրու նախկին Գալվանոմետր գործարանի ճաշարանի պատից «Երկանք» որմնանկարի անջատման աշխատանքները: Այս մասին ահազանգում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն, ապա մանրմասնում, որ այս պահին, տասնյակ գյումրեցիներ հավաքվել են այդ գործարանի դարպասների մոտ, որպեսզի թույլ չտան որմնանկարների տեղափոխումը:
Անցած երեկոյան Մինասի որմնանկարների Գյումրիից տեղափոխմանը դեմ մի խումբ գյումրեցի արվեստագետներ հանդիպում են ունեցել ՀՀ մշակույթի փոխնախարար Ա.Սամուելյանի հետ, ինչպես նաև նրան են հանձնել ՀՀ մշակույթի նախարար Հ.Պողոսյանին հասցեագրված գյումրեցի հարյուրավոր մշակույթի գործիչների, արվեստի ու քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչների կողմից Շիրակ կենտրոն ՀԿ-ի անունից գրված դիմում-ուղերձը, որում մասնավորապես ասվում է. «Ի կատարումն ՀՀ կառավարության 28 ապրիլի 2011 թ. 500-Ա որոշման «Թել են մանում» և «Երկանք» որմնանկարների վերականգնման և տեղափոխման հետ կապված` ստեղծված հասարակական կարծիքը, բանակցությունները մշակույթի նախարարի, ինչպես նաև պարոն Էրնեկյանի աշխատակազմի հետ և Գյումրու շուրջ 1000 մտավորականների առաջարկությունները հաշվի առնելով խնդրում ենք Ձեր միջնորդությունը աշխատանքային խմբին վերականգնողական աշխատանքների բոլոր փուլերը իրականացնել Գյումրիում, որին կմասնակցեն նաև գյումրեցի ուսանողներ: Ձեր հանձնարարականը աշխատանքային խմբին «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամին և վերականգնողական աշխատանքները կատարող խմբին հնարավորություն կտա հասարակական քննարկումների միջոցով վիճահարույց խնդիրը մտցնել բնականոն հուն: Տեխնիկական խնդիրների և վերականգնողական աշխատանքները չխոչընդոտելու պարտականությունները վերցնում ենք մեզ վրա»:
Սակայն, այս պահի դրությամբ ՀՀ իշխանություններից որևէ արձագանք կամ պատասխան դեռևս չկա, ինչը էլ ավելի է զայրացնում գյումրեցիներին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան